Home / Դատարան / «Առաքյալ» նախկին մարզպետից 1 միլիարդի գույք ու 391 միլիոն դրամ կգանձվի

«Առաքյալ» նախկին մարզպետից 1 միլիարդի գույք ու 391 միլիոն դրամ կգանձվի

Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել դատարանին Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանից և վերջինիս հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող անշարժ գույքը, բաժնետոմսերը ու չհիմնավորված եկամուտները։

Մասնավորապես՝

— 11 անշարժ գույք, որոնցից հինգը՝ Երևան քաղաքում, վեցը՝ Տավուշի մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները՝ 1 մլրդ 256 մլն 765 հազար դրամ, երեք շարժական գույք, երկու իրավաբանական անձանցում մասնակցության իրավունք,
— Չեխական ընկերությունում գնված բաժնետոմսերի ձեռքբերման արժեքը՝ 1 մլն 608 հազար 540 դրամ,
— 389 մլն 257 հազար 456 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը (եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա դատարանի որոշմամբ, համապատասխան պահանջի առկայության դեպքում՝ պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի չափով գումար):

Հիշեցնենք՝ Հովիկ Աբովյանը հայտնի է նրանով, որ Կողբ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու «Խորհրդավոր ընթրիքը» կրկնօրինակող սրբապատկերի վրա առաքյալներից մեկը իր դիմանկարով էր պատկերվել։ Մարզպետը պնդում էր, որ կապ չունի դրա հետ և առաքյալն իրեն նման չի։ Նկարիչը, սակայն, ասում էր, որ իր նախաձեռնությամբ է առաքյալներից մեկին Աբովյանի դիմագծերով պատկերել։ 


Պատկերում՝ Աբովյանը ձախից երկրորդը