Հայաստանի քաղաքացիներին կարգելեն դոլարով, եվրոյով կամ այլ արտարժույթով վարկեր ստանալ․ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր նախագիծն արժանացել է պրոֆիլային հանձնաժողովի հավանությանը։
Եթե փոփոխություններն ընդունվեն, հայաստանյան բանկերը և վարկային կազմակերպությունները արտարժույթով վարկեր կկարողանան տալ միայն օտարերկրյա քաղաքացիներին։
«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը հեղինակել են պատգամավորներ Գևորգ Պապոյանը, Արուսյակ Մանավազյանը և Նարեկ Գրիգորյանը։
Խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի նախագահ և նախագծի համահեղինակ Պապոյանը հավաստիացնում էր՝ արտարժույթով վարկերը ռիսկեր են առաջացնում ոչ միայն Հայաստանի ֆինանսական համակարգի, այլև վարկառու քաղաքացիների համար։
«Մարդու եկամուտները դրամային են, բայց շատ ռիսկային տեղում մարդը եվրոյով ներդրում է անում: Oրինակ` 400 դրամ փոխարժեքի ժամանակ քաղաքացիները եվրոյով հիփոթեքային վարկեր են վերցրել և այսօր նրանք արդեն 430-440-ով են վճարում։ Պատկերացրեք` վաղը կարող է 700 դառնալ, որովհետև եվրոյի կուրսը տարբեր ժամանակներում շատ մեծ տատանումներ է ունենում, և կարող է պարզվել, որ այդ մարդը վարկի դիմաց վճարում է ոչ թե 4-5 տոկոս, այլ 50-60», – հիմնավորում էր պատգամավորը։
Նման իրավիճակներում նաև վարկի մարման ռիսկեր են առաջանում․ Հայաստանում, ըստ Պապոյանի, «չաշխատող» (չվճարվող) դրամային վարկերը մոտ 1 տոկոս են կազմում, իսկ արտարժութային վարկերը` 5-6 տոկոս․
«Հատկապես շոկային իրավիճակներում, օրինակ` 2014 թվականի շոկի ժամանակ, «չաշխատող» արտարժութային հիփոթեքային վարկերի թիվը 4 տոկոսից հասավ 12 տոկոսի, իսկ դրամային վարկերինը մնաց 4 տոկոս։ Հետո, բնականաբար, աստիճանաբար իջավ՝ մինչև 4-6 տոկոս։ Դրամայինը շարունակեց իջնել, հիմա արդեն 1 տոկոսի է հասել»։
Կենտրոնական բանկի փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանի խոսքով՝ արտարժութային վարկերը հիմնականում մինչև 20 տարվա վաղեմություն ունեն, Հայաստանում նման վարկերից օգտվում են հարյուր հազարավոր քաղաքացիներ։
Գործող օրենքը հայաստանցիների համար սահմանափակումներ չի ենթադրում․ մարդիկ՝ կախված իրենց եկամուտների աղբյուրներից և այլն հանգամանքներից, իրե՛նք են որոշում, թե ինչ արժույթով վարկ վերցնեն։
Եթե Հայաստանի քաղաքացին աշխատավարձ է ստանում, օրինակ, դոլարով, Գևորգ Պապոյանի հիմնավորման տրամաբանությամբ՝ դոլարային վարկը նրա համար ավելի կանխատեսելի է։ Հարցին՝ արդյո՞ք օրենքի այս փոփոխությունը նոր ռիսկեր չի ստեղծում արտարժույթով աշխատավարձ (կամ այլ եկամուտ) ստացող հայաստանցիների համար, օրենքի համահեղինակը չանդրադարձավ։
Փոխարենը խոսեց արտարժույթի արհեստական պահանջարկի մասին։
Քաղաքացիները, ըստ նրա, փորձում են օգտվել փոխարժեքի նվազումից և մեծ քանակությամբ արտարժույթ են գնում ֆինանսական շուկայից, ինչը արհեստական պահանջարկ ու անհարկի նոր տատանում է առաջ բերում։
Պապոյանը հավաստիացրեց նաև, որ հայաստանյան բանկերը նախագծի վերաբերյալ որևէ առաջարկ կամ դժգոհություն չեն ներկայացրել։
Վերջին շրջանում՝ Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների և ռուսաստանցիների զանգվածային ներհոսքի ֆոնին, բանկերը ստիպված են սահմանափակումներ կիրառել․ խոսվում է ռուբլու մեծ կուտակումներ և դոլարի/եվրոյի որոշակի պակասի մասին։