Home / Հայաստան / Հայաստանի գլխավոր բանկիրը փորձեց բացատրել դրամի թանկացումը

Հայաստանի գլխավոր բանկիրը փորձեց բացատրել դրամի թանկացումը

Դրամը շարունակում է արժևորվել, դոլարը՝ արժեզրկվել։ Համեմատության համար նշենք, որ մարտի 14֊ին դոլարի փոխարժեքը 514․9 դրամ էր, այսօր՝ հունիսի 14֊ին՝ 419․6 դրամ։ Ինչո՞վ է պայմանավորված դրամի արժևորումը, ի՞նչ ազդեցություններ այն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա։

«ՀՀ ծառայությունների արտահանման էական աճը և ֆինանսական ներհոսքը նպաստում է արժութային շուկայում դրամի արժևորմանը: Գնահատվում է, որ առաջիկայում վերջինս դրական ազդեցություն կունենա ներքին գնաճային միջավայրի թուլացման վրա»․ այսօր մամլո ասուլիսին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Վերջին ամիսներին միջազգային այցելուների կողմից Հայաստան է մտել շատ մեծ քանակությամբ արտարժույթ (թե՛ կանխիկ, թե՛ անկանխիկ), որի արդյունքում նաև արժևորվել է հայկական դրամը։ Ապրիլ ամսին ներհոսքը եղել է 357 միլիոն դոլար, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 2 անգամ շատ է։

Դրամի որոշակի արժևորումը հնարավորություն է տալիս մեզ չարձագանքել ընդլայնվող գնաճային միջավայրին ու վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ` 9.25%:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն ազդում է նրա վրա, թե ինչ գնով են բանկերն ու վարկային կազմակերպությունները գումար փոխառում Կենտրոնական բանկից, որը երկրի ամբողջ բանկային համակարգի վարկատուն է։ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանում է ելնելով երկրի տնտեսության ընթացիկ վիճակից և գնաճի մակարդակից։ Օրինակ, գնաճը նվազեցնելու համար ԿԲ֊ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Ռուսաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված առաջացել է կանխիկ արտարժույթի ու անկանխիկ արտարժույթի շուկա։ Ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ անկանխիկն ու կանխիկը էապես տարբեր են։ Հունիսի 14֊ի դրությամբ անկանխիկի դեպքում դոլարի միջին փոխարժեքն է՝ առքը 417, վաճառքը 427, իսկ կանխիկի դեպքում՝ առքը 424, վաճառքը 441։

Մեր գործընկեր Կենտրոնական բանկերը և բանկերը Հայաստանին ավելի մեծ դժկամությամբ են տալիս դոլարներ, որովհետև որոշակի տեսակետ կա, որ էդ դոլարները կարող են փոխանցվել ռուսական կողմին, Ռուսաստանի քաղաքացիներին։ Ուստի մեր հասանելիությունը ամերիկյան կանխիկ դոլարի նկատմամբ որոշակի նվազել է։

Ռուս֊ուկրաինական հակամարտության ստեղծած աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով պարենի միջազգային գները բարձրացել են, ստեղծվել է համաշխարհային գնաճային միջավայր։ Նախորդ տարվա հունիսի 14֊ի համեմատ ցորենը թանկացել է 57%֊ով, եգիպտացորենը՝ 22.5%֊ով, սուրճը՝ մոտ 60%֊ով, նավթը՝ 73%֊ով։ Սրանք միջազգային գներն են։ Հարկ է նշել, որ դրամի արժևորման շնորհիվ ներքին գները նույն չափով չեն աճել։

 
Աղբյուրը՝ Կենտրոնական բանկ

Ներմուծվող ապրանքների գները դեռևս հարցական է կիջնեն, թե՝ ոչ, որովհետև փոխադրումների գները համապատասխանաբար աճել են։ Դոլարի արժեզրկումը, այնուամենայնիվ, վատ ազդեցություն է ունենալու արտահանողների վրա։ ԿԲ նախագահն ասում է, որ պետք է այլ մեխանիզմներով օգնել արտահանողներին, այլ ոչ թե փորձել արհեստականորեն արժեզրկել դրամը․ «Եթե մենք արհեստականորեն արժեզրկենք դրամը, մտնենք շուկա, գնենք արտարժույթ, ապա կբախվենք գնաճի հերթական ալիքի հետ, որը կազդի բոլորի վրա»։