Հայաստանի, Վրաստանի և Տաջիկստանի արժույթները 2022 թվականին աճի ռեկորդ են սահմանել․ ազգային արտարժույթները դոլարի նկատմամբ ամրապնդման ցուցանիշով այս տարվա առաջատարների ցանկում են։ Bloomberg-ը սա պայմանավորում է ռուս-ուկրաինական պատերազմից հետո ռուսաստանցիների զանգվածային ներգաղթով։ Տարեսկզբից հայկական դրամը արժևորվել է 22 տոկոսով, վրացական լարին՝ 16 տոկոսով, տաջիկական սոմոնին՝ 10 տոկոսով։
Տասնյակ հազարավոր ներգաղթած ռուսաստանցիներ իրենց հետ բերել են միլիարդավոր դոլարներին համարժեք արտարժույթ (հիմնականում՝ ռուբլի), որը տեղում փոխանակվել է ազգային արժույթի՝ ներքին սպառման համար, կամ ազգային արժույթի միջոցով դոլարի/եվրոյի՝ կուտակման համար։ Սա հանգեցրել է հայկական, վրացական և տաջիկական արժույթի արմապնդմանը․ դրամը, լարին և սոմոնին արժևորվել են, հետևաբար՝ դոլարը, եվրոն և ռուբլին՝ արժեզրկվել։
Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով, դրամական փոխանցումները Հայաստան 2022 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում կազմել են շուրջ 2․8 միլիարդ դոլար՝ գրեթե 4 անգամ ավել, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշները։ Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումները աճել են շուրջ 5 անգամ՝ 1․75 միլիարդ դոլարով, հաղորդել է Վրաստանի Ազգային բանկը։ Տաջիկստանում դրամական փոխանցումները ընթացող տարվա առաջին 6 ամիսների ընթացքում աճել են շուրջ 50 տոկոսով, հղվելով պաշտոնական տվյալներին, նշել է BCS Financial Group-ի փորձագետ Նատալյա Լավրովա։
Forbes-ը նշում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը 2022-ի արդյունքներով Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է մինչև 10 տոկոսով։ Հայաստանի Կենտրոնական բանկը ՀՆԱ-ի աճի կանխատեսումը բարձրացրել է 4․9 տոկոսից 12․9 տոկոսով։ Տաջիկստանի տնտեսությունը, ինչպես սպասվում է, ընթացող տարվա մեջ կաճի 7 տոկոսով՝ ավելի վաղ կանխատեսված 4-5 տոկոսի փոխարեն։
Ռուսական ռելոկացիայի ազգեցությունը ավելի տեսանելի է փոքր հանրապետություններում։ Ղազախստան, որտեղ մոտ 6 անգամ ավելի շատ մարդ է ապրում, քան Հայաստանում և Վրաստանում, նույնպես բազմաթիվ ռուսաստանցիներ են տեղափոխվել, ղազախական տենգեն, այնուամենայնիվ, տարին կարող է փակել դոլարի նկատմամբ կորուստներով, նշում է Bloomberg-ը։