Բանտում մահացել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։ Տեղեկությունը փոխանցել է Ռուսաստանի քրեակատարողական ծառայությունը։ Նավալնու խոսնակ Կիրա Յարմիշը նրա մահը դեռևս չի հաստատել։
«2024 թվականի փետրվարի 16-ին թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Ա․ Նավալնին զբոսանքից հետո վատացել է, գրեթե անմիջապես կորցրել գիտակցությունը», – ասված է Ռուսաստանի քրեակատարողական ծառայության հաղորդագրությունում։ Շտապօգնության բժիշկները, ըստ բանտապետների, արձանագրել են դատապարտյալի մահը։ Մահվան պատճառները պարզվում են։ Նավալնիի մահվան մասին տեղեկացրել են Վլադիմիր Պուտինին՝ ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
RT ռուսական պրոպագանդիստական հեռուստաալիքի աղբյուրները պնդում են, թե մահը վրա է հասել արենախիցքի (տրոմբ) պոկվելուց։ Պեսկովը սա չի հաստատել․ «Բժիշկները պետք է դեռ պարզեն»։ Նավալնիի փաստաբանը հրաժարվել է մեկնաբանություններ տալուց՝ հղվելով ընտանիքի կամքին։ Նրա խոսնակը՝ Կիրա Յարմիշը, ասել է, որ փաստաբանը ճանապարհին է՝ գնում է Խարպի քրեակատարողական հիմնարկ, մահվան ապացույցներ իրենք չունեն։
2020 թվականի մահափորձից հետո (Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցները նրան թույնել էին նովիչոկով՝ ինքնաթիռում) Նավալնիին՝ կոմայի մեջ, տեղափոխել էին Գերմանիա։ Վերականգնվելուց հետո նա վերադարձել էր Ռուսաստան և անմիջապես ձերբակալվել։ Սկզբում նրան գումարներ շորթելու մեջ էին մեղադրում, հետո՝ վետերանին անարգելու, վերջում՝ արդեն նաև ծայահեղականության (էստրիմիզմի) մեջ։
Բանտում նրան պարբերաբար կտտանքների էին ենթարկում։
Նավալնիի գլխավոր բժիշկ Անաստասիա Վասիլևան ամիսներ շարունակ ահազանգում էր՝ նրա առողջական վիճակը կրիտիկական է, նա ճողվածքներ ու մեջքի սուր ցավեր ունի, վերջույթներն անզգայացել են, խնդիրներ կան սրտի աշխատանքի հետ։ Նրան ոչ միայն պատշաճ բուժօգնություն չէին տրամադրում, այլև թույլ չեն տալիս տեսակցել իր բժշկին։ Քաղբանտարկյալը հացադուլ էր հայտարարել՝ դեղերի ու բուժհետազոտության պահանջով։ Պահանջը մերժվել է։
Նախքան ձերբակալվելը Ալեքսեյ Նավալնին համարվում էր Ռուսաստանի արդեն անփոփոխ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր մրցակիցը։ 47 տարեկան էր։ 2017-2020թթ․ խոշոր փողոցային բողոքի ցույցեր է կազմակերպել, փորձել է մասնակցել 2018-ի նախագահական ընտրություններին, կառուցել է նախընտրական շտաբերի ընդգրկուն ցանց, որը հետագայում վերաճել է, ըստ էության, երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության։
Երեկ Նավալնին տեսակապով ցուցմունք է տվել դատարանում։ Արտաքուստ աշխույժ էր և ուրախ։ Նավալնուն պահում էին Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի ամենադաժան բանտերից մեկում՝ Полярный волк-ում։