Home / Հայաստան / Դուք սպանել եք Ալեքսեյին, մա՛հ-հայրենիք, ցավ, ատում ենք․ հանրահավաք Երևանում

Դուք սպանել եք Ալեքսեյին, մա՛հ-հայրենիք, ցավ, ատում ենք․ հանրահավաք Երևանում

Ալեքսեյ Նավալնիի մահվանից հետո՝ հանրահավաք Երևանում, զրույցներ

փետրվարի 16, 2024

***

— Նա բաժանել է Կրեմլի մարդկանց մնացած ամբողջ Ռուսաստանից՝ դուք մե՛նք չենք, մենք դուք չե՛նք, և մենք շատ ենք։

— Ալեքսեյ Նավալնիին տանջասպան են արել։ Սպանել են, որ վերահաստատեն իրենց իշխանությունը։

— Ես չգիտեմ՝ ովքեր ենք մենք, ով եմ ես։ Չգիտեմ, ինչպես ինձ անվանել։

— Մա՛հ-Հայրենիք։

— Էն ժամանակ գնացքի մեջ էի՝ գնում էի Մոսկվայից Կազան։ Չգիտեի, որ Նեմցովին սպանել են։ Բաշկորտոստանում կայարան կա, գնացքն այնտեղ կանգնում է, կանայք սովորաբար գլխաշորեր, կարկանդակներ են վաճառում։ Այդ օրը նրանք կանգնած էին իրենց ապրանքների հետ և ոչինչ չէին առաջարկում։ Առևտուր չկար։ Կանանցից մեկը մոտեցավ ինձ ու հարցրեց․ «Քըզըմ, Նեմցովին ինչի՞ են սպանել»։

— Տարօրինակ, վատ կարգախոսներ են՝ «Պուտին խույլո», «սերը վախից ուժեղ է», «Ռուսաստանն ազատ է լինելու»։ Ո՛չ պատերազմին։ Ո՛չ պատերազմին ու վե՛րջ։

— Նա քաղաքականացրել էր հասարակությունը՝ այնպես, ինչպես ոչ ոք չէր կարողացել՝ ո՛չ 90-ականներին, ո՛չ 00-ականներին։

— Հիմա կա անօգնականություն և կա վհատություն։

— Երբ նա վերադառնում էր Ռուսաստան, ես տասա բացարձակ ոգի։

«Նրանք սպանել են Ալեքսեյին», «Պուտին՝ մարդասպան», «Ցավ»

— Ատում ենք։

— Երբ ասում ենք «մենք», խոսում ենք ոչ ոքի մասին։

***

Փետրվարի 16-ին մահացել է Ալեքսեյ Նավալնին՝ ռուսական ընդդիմության առաջնորդներից մեկը, որը 2020-ի անհաջող մահափորձից հետո վերադարձել էր Ռուսաստան և հայտնվել ամենադաժան բանտերից մեկում, որտեղ նրան երկարամսյա տանջանքների էին ենթարկում՝ զրկելով տարրական բուժօգնությունից։ Օրեցօր Նավալնիին առաջադրվող մեղադրանքների ցանկը ընդլայնվում էր, փաստաբանները ահազանգում էին՝ նրա կյանքին և առողջությանը կրիտիկական վտանգ է սպառնում։

Ալեքսեյ Նավալնին Ռուսաստանի ամենահայտնի ընդդիմադիր գործիչն էր՝ բլոգեր, իրավաբան, պոպուլյար կոռուպցիոն հետաքննություների հեղինակ, 2017-2020թթ․ խոշոր փողոցային բողոքի ցույցեր է կազմակերպել, փորձել է մասնակցել 2018-ի նախագահական ընտրություններին, կառուցել է նախընտրական շտաբերի ընդգրկուն ցանց, որը հետագայում վերաճել է, ըստ էության, երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության։ 47 տարեկան էր։

տե՛ս Սպանել են Ալեքսեյ Նավալնիին