Արտասահմանում արտադրված պեստիցիդները և թունաքիմիկատները այսուհետ կարող են ներմուծվել Հայաստան պարզ կարգով՝ չանցնելով փորձաքննություն տեղական լաբորատորաիներում: Կարգը պարզեցնելու օրինասդրական փաթեթեը առաջարկել է Էկոնոմիկայի նախարարությունը, կողմ է քվեարկել Ազգային ժողովը։
2014 թվականին ընդունված «Բուսասանիտարիայի մասին» օրենքը խիստ կարգ էր սահմանում։ Մինչ Հայաստան ներմուծումը արտասահմանում արտադրված թունաքիմիկատները պետք է գրանցվեին։ Դրա համար նյութերը պետք է երկու տարի անընդմեջ փորձարկվեին հանրապետության տարբեր բնակլիմայական գոտիներում, և ստանային «Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման» հանձնաժողովի դրական եզրակացություն։ Նոր փոփոխությամբ՝ գրանցումից կարելի է խուսափել Կառավարության սահմանած «հրատապ դեպքերից» և պարզեցված կարգով գրանցել։
Հանձնաժողովի քարտուղար, ագրոնոմ Արթուր Նիկոյանը նոր օրենքից տեղյակ չէ։ Էկոնոմիկայի նախարարության լրատվական բաժնից հայտնել են, որ օրենքի մասին հարցազրույցներ այս փուլում չեն ցանկանում տալ։
Ըստ ԱԺ կայքում հրապարակված օրինագծի՝ պարզեցված կարգի դեպքում՝ պեստիցիդ ներկրելու համար պարտադիր չի լինելու թունաբանահիգիենիկ գնահատումը։ Թունքաիմիկատներ ներկրողը նաև պարտավոր չի լինելու ներկայացնել նախկինում անհրաժեշտ հետևյալ փաստաթղթերը. պեստիցիդի թունականությունը ձկների, թռչունների, մեղուների, հողի միկրոօրգանիզմների վրա, պեստիցիդի մուտագեն, ալերգիկ, ուռուցքածին և մաշկագրգիռ, տերատոգեն, գոնադատոքսիկ, սաղմնաթունային հատկությունները։
Պարզեցված կարգով կարող են ներկրվել թունաքիմիկատներ եվրոպական և զարգացած երկրներից, հայտարարել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը ԱԺ-ում։ Երկրների ցանկը դեռ չկա, պիտի որոշի Կառավարությունը։
Գյուղատնտես Կարո Սողոմոնյանը Epress.am-ի հետ զրույցում քննադատել է օրինագիծը։ Ըստ նրա, պեստիցիդները պետք է տեղում փորձարկում անցնեն։ «Դուք գիտե՞ք քանի կլիմայական գոտի կա Հայաստանում։ Եթե արևը շատ է, օդը՝ չոր, նյութերը շուտ են ցնդում։ Երաշխիք չկա, որ գերմանական պեստիցիդը լավ կաշխատի Արարատի դաշտում», – ասում է նա։
Պեստիցիդները բուժում են հիվանդությունները, բայց դրանք կարող են ազդել նաև հողի բիոբազմազանության վրա։ «Հողը պիտի հարստացնես։ Դրա համար պետք է բնական պարարտանյութ։ Ֆերմերը պիտի ճիշտ օգտագործի պարարտանյութը», – ասում է գյուղատնտեսը։
Էկոլոգիական առողջության փորձագետ Քնարիկ Գրիգորյանը Epress.am-ի հետ զրույցում ասում է, որ պեստիցիդները գերօգտագործելը մնացորդային ավելցուկ է առաջացնում բանջարեղենների մեջ և հարուցում հորմոնալ, վերարտադրողական խանգարումներ։
Լաբարատոր փորձաքննությունները չեղարկելու պաշտոնական հիմնավորումն այն է, որ Հայաստանում չկա վերազինված լաբորատորիա։ «Թող վերազինեն։ Ի վերջո, դա միշտ խնդիր է։ Օրինակ, մենք բողոքում էինք Նուբարաշենի գերեզմանոցի թեմայով։ Մեզ պետությունը ստիպեց ուղարկել հողը, ջուրը արտասհմանյան սերտիֆիկացված լաբարատորիա։ Նոր միայն ԱԻՆ-ը փակեց, ծածկեց գերեզմանոցը։ Պետությունը եթե չի հզորացնում լաբորատորիաները, վիճակը դառնալու է ոչ կառավարելի տվյալ երկրում», – ասում է Գրիգորյանը։
Գյուղատնտես Արշակ Եփրեմյանը Epress.am-ին ասում է, որ վերջին տարիներին ագրոքիմիական նյութերի շուկան մեծացել է. կարելի է գնել նույն ազդող նյութով չինական, շվեյցարական նյութեր։ Գյուղացիները վստահ են, որ վաճառողները չեն խաբում։ «Մանր խուլիգանություն են անում։ Թանկով վաճառում են, ասում են՝ շվեյցարականն է: Որոշ թունաքիմիկատ ծախողներ էլ չեն հասկանում։ Ուղղակի բիզնես ա՝ անում են։ Քչերն են բարեխիղճ», – ասում է նա։