Արգենտինայում հարյուր հազարավոր ուսանողներ երեկ բողոքի ցույցի են դուրս եկել նախագահ Խավիեր Միլեյի լիբերտար կառավարության կողմից պետական համալսարանների ֆինանսավորման կտրուկ կրճատումների դեմ: Պրոտեստը հաջորդել է կրթության ոլորտում օրեր տևող գործադուլներին։
Բողոքի ցույցերը սկսել են, երբ նախագահի վարչակազմը սպառնացել է վետո դնել Կոնգրեսի կողմից շաբաթներ առաջ ընդունած կրթության ֆինանսավորման օրենքի վրա, պատճառաբանելով, որ Արգենտինան բախվում է տնտեսական ճգնաժամի՝ տարեկան մոտ 240% գնաճի, իսկ բնակչության կեսից ավելին աղքատության մեջ է:
«Կառավարությունն ունի համակարգված, մեթոդական և աստիճանական ծրագիր՝ ոչնչացնելու հանրային կրթությունը», – ասվում է Բուենոս Այրեսի համալսարանի ղեկավար Ռիկարդո Գելպիի հայտարարության մեջ:
Marcha FEDERAL por la #UniversidadPúblicaArgentina
No están atacando a un par de personas, están atacando a todo un sistema educativo🧵Imagenes ( si quieren pueden sumar las de su lugar )
Chaco – Cordoba – Corrientes – Misiones pic.twitter.com/zfyQd9SCg7
— Disculpas (@DisculpaBord) October 3, 2024
Համալսարաններին ուղղվող ֆինանսական միջոցների կրճատումը Միլեյի կառավարությունը վաղուց է սկսել և բազմիցս գործելաոճն արդարացրել՝ ծաղրելով պետական համալսարաններն ու դրանք անվանելով «սոցիալիստական» դոկտրինացիայի վայրեր։ Արգենտինացիների շրջանում, սակայն, պետական համալսարանները մեծ համբավ ունեն։
Բողոքի ցույցերից հետո էլ Միլեյի գրասենյակը զիջումների չի գնում, այլ խոստանում է կասեցնել ազգային համալսարանների ֆինանսավորումը մեծացնելու «անպատասխանատու» մղումը, ինչպես նաև ցանկացած առաջարկ, որը «կվտանգի հարկաբյուջետային հավասարակշռությունը»:
Արգենտինայի համալսարանների ֆեդերացիայի ղեկավար Պիերա Ֆերնանդեսը բողոքի մասնակիցներին ասել է, որ հանրային կրթությունը «պայքարում է իր գոյատևման համար»։ «Կրթության և գիտության ֆինանսավորումը ներդրում է, ոչ թե ծախս», – ասել է նա։
Դեռևս ապրիլին բարձրագույն կրթության բյուջեի կրճատման դեմ բազմահազարանոց ցույցերը ստիպեցին Միլեյին վերանայել իր քաղաքականությունը: Պրոտեստների արդյունքում խոստացված բարելավումներն, ըստ համալսարանական իշխանությունների, կառավարությունը չի արել:
Բուենոս Այրեսի համալսարանի տվյալներով՝ դեկտեմբերից համալսարանի դասախոսական և ոչ դասախոսական անձնակազմի գնողունակությունն ընկել է մոտ 40%-ով և վատթարացումը շարունակվում է:
«Եթե օրենքի վրա վետո դրվի, հետևանքները շատ լուրջ կլինեն, դա կազդի աշխատավարձերի, համալսարանի հետազոտական կարողությունների և այլ գործառույթների վրա», – ասել է համալսարանի շրջանավարտ և դասախոս Ֆլորենսիա Ռիվերոն։