Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին ընդունվել է օրինագիծ, որով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած բոլոր զինծառայողներին տրվում է անվճար կրթություն ստանալու իրավունք։
Նախագիծն առաջարկել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Համաձայն օրինագծի, ՀՀ-ում գործող պետական ու մասնավոր բարձրագույն, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդհանուր մրցույթից դուրս՝ առանձին մրցույթով (քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում), ընդունելության և ուսումնառության իրավունք է տրվում զինվորական ծառայության ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած բոլոր զինծառայողներին և երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաներին։
Գործող օրենքով անվճար կրթության իրավունք տրվում էր միայն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած ժամկետային զինծառայողներին։
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն, իր հերթին, արձանագրել է․ «Մեր տվյալներով՝ խոսքը շուրջ 1600 անձի մասին է, որոնք ունեն առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն։ Ինչ վերաբերում է ծառայությունն ավարտած և թոշակի իրավունքից օգտվող սպաներին այս հնարավորությունը տալուն, ապա հակասություն կա։ Մի կողմից ասում ենք ծառայության գրավչությունը բարձրացնենք, բայց մյուս կողմից նրանք գնացել են թոշակի իրավունքից օգտվելու։ Սա կարող է ոգեւորիչ լինել սպաների համար, բայց նախընտրել ենք ձեռնպահ մնալ այս փոփոխությունից»։
Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն այն վերապահումով, որ սպաներին վերաբերող դրույթը հանվի:
Օրենքի ուժի մեջ մտնելու համար ամրագրվել է 2023թ.-ի հունվար ամիսը: