Home / Շուկա / Հարկադիրը հանել է վաճառականներին. օրինակ է, բայց անմարդկային

Հարկադիրը հանել է վաճառականներին. օրինակ է, բայց անմարդկային

Հարկադիր կատարման աշխատողները այսօր առանց նախազգուշացման կողպել են Հանրապետության հրապարակի մետրոյի անցման կրպակները։ Առևտրականներին տվել են երեք ժամ իրենց ապրանքները հեռացնելու համար։

 

Տարածքում աշխատում են արելյան համեմունքներ վաճառով սիրահայեր, մատնահարդար, ժամագործ։ Նրանք բոլորը ապշած են «անմարդկային վերաբերմունքից»։ Տարածքի մասին կա վեճ Մետրոպոլիտենի և «Դիադին» ընկերության միջև։ Ոչ մեկը նրանց չի զգուշացրել  դատական վճռի մասին։

Հարկադիրի աշխատողներն ասել են, որ կրպակների ապամոնտաժման մասին սեպտեմբերի 26-ին ծանուցել էին Մետրոպոլիտենին։ Մետրոպոլիտենը վաճառողներին տեղյակ չի պահել։

«Մենք սնունդ ենք վաճառում։ Միլիոնների ապրանք է փչանալու։ Ո՞վ է այս վնասը փոխհատուցելու։ Իրենց վեճում զոհ դարձանք մենք», – Epress.am-ին ասել է վաճառականներից մեկը։

2015 թվականից առևտրականներ այստեղ վարձակալության պայմանագիր ունեին «Դիադին» ընկերության հետ, որը անցումը իր հերթին վարձակալում էր Երևանի Մետրոպոլիտենից։ 2022 թվականին Մետրոպոլիտենը որոշել է խզել կապերը միջնորդ ընկերության հետ և վաճառականների հետ կնքել է ուղիղ պայմանագրեր։

«Մեզ համար տարբերություն չկա։ Մետրոպոլիտենի առաջարկած պայմանագրերը օրինական էին, ունեին կնիք և իրավական ուժ, դրա համար համաձայնեցինք իրենց պայմանագրին։ Նաև մեզ ավելի լավ է պետությանը վճարել։ Նախորդ սեփականատիրոջը մի մասը փողի տալիս էինք առձեռն, մի մասը՝ բանկով։ Մետրոպոլիտենը ասեց՝ ամբողջը վճարեք բանկով», – պատմել է վաճառականներից մյուսը։

«Դիադին» ընկերության տնօրեն Գևորգ Բադեյանը Epress.am-ին ասել է, որ բիզնեսը ինքն է ստեղծել, լուսավորել ու կահավորել է Երևանի ամենակրիմինալ անցումը և անօրինական է, որ Մետրոպոլիտենն ուզում է իրենից ազատվել։

«Տարածքը հանրային տարածք է, տաղավարները մեր սեփականությունն են։ Եթե  այլ նպատակով են ուզում օգտագործել տարածքը, պատրաստ ենք մեր գույքը քանդել ու տանել», – նշել է Բադեյանը։

Վարչական դատարանում «Դիադինը» պահանջում է անօրինական ճանաչել Մետրոպոլիտենի գործողությունները։