Home / Շուկա / Թբիլիսիի հին շուկան փակում են հանուն նոր հարուստների

Թբիլիսիի հին շուկան փակում են հանուն նոր հարուստների

Թբիլիսիի՝ մոտ հարյուր տարվա պատմություն ունեցող Դեզերտիրի շուկան կփակվի։ Մասնավորն այնտեղ առևտրի կենտրոն և ավտոկայան է կառուցելու։ Հուլիսի 29-ին շուկայի ադմինիստրացիան վաճառականներին տեղեկացրել է, որ նրանք մինչև օգոստոսի 15-ը պետք է ազատեն տարածքը։

տե՛ս Փակում են Կոմիտասի շուկան, ուր «քշում էին փողոցային առևտուրը»

Թիֆլիսի կենտրոնական կայարանի մոտակայքում գտնվող Դեզերտիրի բազարը գործում է 1917-1921 թվականներից։ Առաջին համաշխարհային և քաղաքացիական պատերազմների դասալիքներն ու զորացրվածներն այնտեղ վաճառում էին իրենց ունեցվածքը՝ զինվորական համազգեստից, սարքավորումներից մինչև կենցաղային իրեր։ Կարճ ժամանակ անց նրանց էին միացել նաև տեղի ֆերմերները, որոնք սկզբում զինվորների հետ փոխանակվում էին բնամթերքով, իսկ հետո՝ ուղղակի առևտուր անում։

Դեզերտիրը Թիֆլիսի ամենամեծ շուկան է։ Վաճառականներն ու գյուղացիներն այստեղ միրգ-բանջարեղեն, պահածոներ, չրեր, բույսեր, տնկիներ, կենցաղային իրեր և շորեր են վաճառում։ Գները մատչելի են և հասանելի բոլորի համար։ Բազարը պոպուլյար է նաև երիտասարդների շրջանում․ հենց այստեղ է գործում քաղաքի ամենամեծ սեքընդ-հենդ շուկան։

Հիմա, երբ տարածքը որոշել են հանձնել նոր բիզնես-ընկերությանը, վաճառականներին առաջարկում են տեղափոխվել Նավթլուղի կամ Դադի Դիգոմի։ Վաճառականները համաձայն չեն։ Նախ՝ երկու շաբաթը շատ քիչ է տեղափոխվելու համար, և երկրորդը՝ առաջարկվող տարածքները առևտուր անելու տեղ չեն, համապատասխան ինֆրաստրուկտուրա չունեն։

«Մարդիկ այնքան ապրանքներ ունեն, ո՞ւր պետք է տանեն երկու շաբաթից։ Այս կարճ ժամանակահտվածում վաճառել հնարավոր չէ։ Դիգոմին դատարկ ճանապարհի վրա է՝ բաց երկնքի տակ։ Նույնիսկ եթե ծառի տակ նստենք, ոչ մի կենդանի շունչ չի անցնում այնտեղով», – բողոքում է առևտրական կանանցից մեկը։

Հուլիսի 30-ին Դեզերտիրի շուկայի վաճառականներն ի նշան բողոքի փակել էին Ցինամձղվրիշվիլի փողոցը։ Նրանք պահանջում էին քաղաքապետարանից և շուկայի տնօրենությունից հնարավորություն տալ աշխատել գոնե մինչև տարվա վերջ։

«Մեկուկես ամիս առաջ գները բարձրացրել էին։ Եթե առաջ վճարում էինք 10 լարի մեկ օրվա համար, հիմա 15 լարի ենք վճարում։ Նոր սեփականատիրոջն էլ կարող ենք հարկ տալ։ Մինչ այս ինչքան հարցնում էինք շուկայի ապագայի մասին, մեզ ասում էին, որ ամենաքիչը 2-3 տարի կարող եք այստեղ մնալ։ Հիմա գոնե մինչև նոր տարի թույլ տան մնալ, վաճառել եղած ապրանքները, գումար հավաքել», – ասում էր առևտրական Մայան։

Ոստիկանությունը ցուցարարներին համոզել էր բացել փողոցը՝ վստահեցնելով, որ քաղաքապետարանի աշխատակիցները կհանդիպեն իրենց հետ։ Բայց նրանք այդպես էլ չեն եկել։

«Մեզ հիշում են միայն ընտրությունների ժամանակ, իրենց պետք են մենակ մեր ձայները, ուրիշ ժամանակ մեր մասին լրիվ մոռանում են», – ասում էր ցուցարարներից մեկը։

Ավելի ուշ քաղաքապետարանից Netgazeti խմբագրությանը հայտնել էին, որ տարածքը մասնավոր սեփականություն է, հետևաբար իրենք խառնվելու իրավունք չունեն։

տե՛ս Շեյթան բազար

«Ես չորսը թոռ ունեմ, բանկում ամեն ամիս 1300 լարի եմ մուծում, հիմա ի՞նչ պետք է անեմ։ Մենք շատ վաղուց ենք այստեղ աշխատում, բոլոր հարկերը մուծում ենք։ Այլ տեղ գնալու ցանկություն չունենք», – կրկնում էր առևտրական Նինոն։ Նրա և նրա գործընկերների համար սա ընտանիք պահելու միակ միջոցն է, գրեթե բոլորը վարկեր ունեն, ամեն ամիս փող են տալիս բանկերին, ասում են՝ «գիշերը ժամը երեքից աշխատելը լավ կյանքից չի գալիս»։

Դեզերտիր շուկայի տարածքը պատկանում է «Թբիլիսի մոլ» ՍՊԸ-ին։ Այս ընկերության 26% բաժնեմասի սեփականատերը վրացի օլիգարխ Խվիչա Մակացարիան է։ Նա բաժնետոմսեր ունի նաև մայրաքաղաքի «Թելասի» և «Թելմիկո» էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերում, «Թբիլիսի Էներջի» գազաբաշխիչ ցանցում, «Beeline» բջջային օպերատորում, «Թբիլիսի միկրոավտոբուս» տրանսպորտային ընկերությունում, «Tbilisi Parking» կայանատեղիների ընկերությունում, «Europe-Bet» բուքմեյքերական գրասենյակում և այլն։

«Թբիլիսի մոլ» ՍՊԸ-ի մյուս սեփականատերերը Վրաստանի քաղաքացի Լաերտի Զուբադալաշվիլին (20%), Ռուսաստանի քաղաքացի Իլոնա Մետրևելին (10%) և բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված օֆշորային «Holdex Intersales Corp» ընկերությունն(44%) են:

Թբիլիսի մոլը հին շուկայի տեղում պատրաստվում է առևտրի նոր, «ժամանակակից» կենտրոն կառուցել։ Շուկայի վաճառականները վստահ են՝ այդ կենտրոնում իրենք տեղ չեն ունենալու։