հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Դատարան / Գյուտարար քիմիկոսը հաղթել է Նաիրիտին․ ՄԻԵԴ

Գյուտարար քիմիկոսը հաղթել է Նաիրիտին․ ՄԻԵԴ

Նաիրիտ գործարանի «կոմերցիոն գաղտնիքը» բացահայտած գիտնականը հաղթել է Եվրոպական դատարանում։ ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել «Աղաջանյանն ընդդեմ Հայաստանի» գործով։ 2010 թվականին Նաիրիտում աշխատանքից հեռացված քիմիկոս Իշխան Աղաջանյանին չպաշտպանելու համար Հայաստանը կվճարի 4 500 եվրո՝ բարոյական վնասի փոխհատուցում։ Աղաջանյանի կրած նյութական վնասը՝ հարկադիր պարապուրդի հաշվարկով 16 հազար եվրոն, սակայն, չի փոխհատուցվի։ 

Նաիրիտի տնօրինությունը ավագ գիտաշխատող Աղաջանյանին առանց զգուշացնելու հանել էր գործից այն բանի համար, որ նա հարցազրույց էր տվել և քննադատել իրենց։

Աղաջանյանը հարցազրույցում ասել էր, որ ղեկավարությանը ներկայացրել էր երկու գյուտ, որոնք կարող էին փրկել պարտքերի մեջ խրված կաուչուկի գործարանը, սակայն ղեկավարությունը չի ներդրվել գիտական փորձեր անելու մեջ։ 

«Ես չստացա որևէ նյութական աջակցություն։ Լաբորատորիա սարքեցի իմ ուժերով, թեև գործարանը միլիոններ ուներ։ Նրանք (տնօրենները) ոչինչ չեն անում և զրկում են մասնագետներին աշխատելու տարրական հնարավորությունից», – ասել էր նա։

Աղաջանյանը պնդել է՝ առաջարկել էր տեխնոլոգիա վերամշակելու գործարանում կուտակված տասնյակ տոննաներ լաքը և դրանից ստանալու ներկ։ Լաքը կաուչուկի ստացման կողմնակի արտադրանքն է և Նաիրիտում կուտակվել էր պայթունավտանգ քանակությամբ, քանի որ այլևս չէր արտահանվում Ռուսաստան։ Ղեկավարությունը թույլատրել է ներկ արտադրել, բայց Աղաջանյանը բացահայտել է, որ կեղծ փաստաթղթերով փորձ է արվել շրջանցել լաքից ներկ ստանալու գիտական էքսպերիմենտների փուլը։

Աղաջանյանը ներկայացրել է նաև սինթետիկ կաուչուկ ստանալու նորարարություն, սակայն այդ էքսպերիմենտները ևս չեն ֆինանսավորվել։ 

Աղաջանյանը հարցազրույցով նաև բացահայտել էր, որ Նաիրիտում գիտությունների թեկնածուն ստանում է 85 հազար դրամ աշխատավարձ, իսկ գործարանի 12 փոխտնօրեններից յուրաքանչյուրը՝ 3-4 միլիոն դրամ։

Գործարանի տնօրինությունը չի հերքել աշխատավարձների չափը, այլ բացահայտումը  համարելով կոմերցիոն գաղտնիքի հրապարակում՝ հեռացրել է Աղաջանյանին գործից։

2007-ից սկսած «Նաիրտում» փոփոխվել են աշխատանքային պայմանագրերը և ընդունվել են նոր ներքին կանոնակարգեր, որոնք  պարտադրում էին աշխատավարձերի կոնֆիդենցիալություն և «կոմերցիոն գաղտնիք» էին  որակում գործարանի հզորության մասին ցանկացած տեղեկատվություն։

Եվրոպական դատարանը գտել է, որ Հայաստանը պարտավոր էր ապահովել ազատ արտահայտվելու իրավունքը, անհրաժեշտության դեպքում՝ միջամտելով մասնավոր իրավահարաբերություններին։ Հայաստանի պատասխանը, թե պետությունը չի հեռացրել Աղաջանյանին աշխատանքից, այլ մասնավոր ընկերությունը, հիմնավորում չէ՝ վճռել է դատարանը։ Հարկ է նշել, որ Հայաստանը «Նաիրիտի» բաժնետեր էր:

ՄԻԵԴ ներկայացրած փաստաթղթերում Աղաջանյանը նաև փաստեր է ներկայացրել, որ գործարանում 2008-ին և 2017 թվականին տեղի ունեցած պայթյունը լաքի պահման արտադրամասում էր։ Նման պայթյուն եղել էր նաև 2006 թվականին։

Աղաջանյանի գիտական էքսպերիմենտները չխոչընդոտելու դեպքում՝ պայթյուներից կարելի կլիներ խուսափել։

Նաիրիտը արդեն երկար տարիներ սնանկ է, գործանում մնացած փոքրաթիվ աշխատողները, որոնք հիմնականում ապահովում են պահպանվող նյութերի անվտանգությունը, ամիսներով աշխատավարձ չէին ստանում։