«Նաիրիտի» աշխատողները արդեն կես տարի է՝ աշխատավարձ չեն ստանում․ նրանք կրկին կառավարության շենքի մոտ էին։
2010 թվականից «Նաիրիտը» արտադրանք չի թողարկում։ Գործարանի հազարավոր աշխատողներից մնացել է միայն 220-ը, նրանց մեծ մասը ապահովում են պահեստների անվտանգությունը, հիմնականում աշխատավարձ չեն ստանում կամ ստանում կես տարին մեկ։ Աշխատանքը թողնելու կամ գործադուկ անելու հնարավորություն բանվորները չունեն՝ պահեստներում մնացած թունավոր նյութերը մշտական հսկողություն են պահանջում։ Նաիրիտցիները պարբերաբար դուրս են գալիս բողոքի ցույցերի՝ պահանջելով վերջ տալ չվարձատրվող շահագործմանը։ Բայց աշխատավարձների հարցը ոչ մի կերպ չի լուծվում․ բանվորները բողոքում են, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը անգործության է մատնված, գործարանի տնօրինությունն էլ միջոցներ չունի․․․
Կառավարության շենքի մոտ հավաքվածները բողոքում էին՝ աշխատանքի գնալու գումար անգամ չունեն։ Բազմիցս դիմել են տնօրինությանը, բայց քանի որ «Նաիրիտի» բաժնետոմսերի մեծ մասը հանձնված են Կառավարությանը, որոշել են անմիջապես նրանց դիմել: Ասում են՝ կես տարի է լռում էին, որովհետև «երկիրն առանց այն էլ վատ վիճակում է»։ Բայց փող չկա, առջևում էլ Ամանոր է․ բանվորները ակնկալում են, որ գոնե հիմա գործադիրը միջոցներ կգտնի՝ իրենց աշխատանքը վարձատրելու համար։