Շենգավիթ վարչական շրջանի դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանն առանց հայցվորներին` «Նաիրիտ» ընկերության նախկին աշխատակիցներին տեղյակ պահելու դատական նիստ է անցկացրել և վճիռ կայացրել։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է նաիրիտցիների փաստաբան Տիգրան Սարգսյանը։ Ըստ նրա՝ դատարանը օգտվել է առիթից, որ ինքը գտնվում է արձակուրդում և նիստի մասին ծանուցում չի ուղարկել։
Դատական գործերի մասին տեղեկատվական կայքից տեղեկանում ենք, որ դատավորը մերժել է նաիրիտցիների պահանջը։ 18 նաիրիտցիներ պահանջում էին անվավեր ճանաչել «Նաիրիտ 2» ընկերության հետ կնքած իրենց պայմանագրերը։ Դրանցով աշխատակիցները հրաժարվել էին աշխատավարձի ուշացման համար հասանելիք տույժերից։ Պայմանագրի այդ կետը, ըստ նաիրիտցիների, ստրկացուցիչ է, քանի որ չստորագրելու դեպքում «Նաիրիտ 2»֊ը սպառնացել էր չվճարել 18 ամսվա աշխտավարձի պարտքը։
Դատարանը, մերժելով հայցը, նշել է, որ «մինչև պայմանագրի կնքումը հայցվորների և պատասխանողի միջև երբևէ պարտավորական իրավահարաբերություններ չեն եղել»։
Ըստ դատարանի՝ քաղաքացիական օրենսգիրքն ապահովում է քաղաքացիների ազատ կամքի իրացումը։ «Քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքներ ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց», ֊ իր վճռում նշել է դատավորը։
Հայցվորները դատական նիստերի ընթացքում նշում էին, որ իրենք եղել են «մոլորության մեջ»։ Ի պատասխան դրան, դատարանն ընդգծել է, որ «մոլորությունը դրսևորվում է այն դեպքում, երբ կնքված գործարքի առարկան չի համապատասխանում այն հատկանիշներին, որը կողմը նկատի է ունեցել ի սկզբանե նման գործարք կնքելիս»։
Դատարանը գտել է նաև, որ քաղաքացիները ուշ են դիմել դատարան, և «վաղեմության ժամկետը» լրացած է եղել։ Նշենք, որ «վաղեմության ժամկետ» չի կիրառվում այն դեպքերում, երբ քաղաքացիներն են պարտք լինում պետբյուջեին։
«Վաղը ես հանդիպելու եմ նաիրիտցիներին և խոսելու ենք այս ապօրինի կերպով անցկացված նիստի մասին։ Քննարկելու ենք այս ապօրինի վճիռը Վերաքննիչ դատարանում բողոքարկելու հարցը»,֊ Epress.am֊ին ասել է Տիգրան Սարգսյանը։