ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը մերժել է «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատողների դիմումը՝ դատավոր Գևորգ Նարինյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու խնդրանքով։ Հանձնաժողովը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, համարել է, որ Նարինյանը նաիրիտցիների գործով թույլ չի տվել «դատավորի վարքագծի կանոնի խախտման հանգեցնող գործողություն»։
Նաիրիտցիների ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը դիմել էր էթիկայի հանձնաժողով այն հիմքով, որ դատավորը ձգձգում է գործը, հետաձգելով այն 5 ամսով, և թույլ է տալիս գործի քննության ողջամիտ ժամկետի խախտում։
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինյանը քննում է «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցներ Տիգրան Մինասյանի, Սաթենիկ Մաճկալյանի և Մայրանուշ Քարտաշյանի բողոքը «Նաիրիտ 2»֊ի դեմ։
Նաիրիտցիները պահանջում են անվավեր ճանաչել «Նաիրիտ 2» գործարանի հետ կնքած իրենց պայմանագրերը, որոնք «ստրկացուցիչ» են եղել, և իրենք դրանցով հրաժարվել են աշխատավարձի ուշացման համար հասանելիք տույժերից, քանի որ դա է եղել նախապայմանը՝ 18 ամիս աշխտավարձի պարտքը ստանալու համար։
«Նաիրիտ 2»֊ը դատական նիստերին չի ներկայանում։ Իր դեմ հայցին ընկերությունը նամակով պատասխանել է, որ եթե նաիրիտցիները ուզում են պայմանագրի՝ տույժերը զիջելու կետը անվավեր ճանաչեն, պետք է անվավեր ճանաչվի նաև աշխատավարձը ուշացումով տալու կետը, այսինքն՝ պետք է վերադարձվեն նաիրիտցիներին ուշացումով տրված աշխատավարձերը։
Նույն պահանջով դատարան է դիմել ևս 18 նաիրիտցի։ Այդ վարույթը գտնվում է Շենգավիթի դատարանի մեկ այլ դատավորի՝ Նաիրա Հովսեփյանի վարույթում։ Հովսեփյանից ևս նաիրիտցիները դժգոհում են և բացարկ են հայտնել նրան։ Պատճառը կրկին գործի ձգձգումն էր։
Նաիրա Հովսեփյանը նախկինում մի քանի այլ գործերի անհարկի ձգձգումների համար զգուշացում էր ստացել Արդարադատության խորհրդից։