Ուժային կառույցների ղեկավարները առաջին անգամ եկել էին Ազգային Ժողով զեկույցներ ներկայացնելու։ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի վարքը, ժեստերը, մատով պատգամավորներին կանչելը, «տղայական» արտահայտությունները մտահոգել են պատգամավորներին և ոչ միայն։
«Ինքը ի՞նչ ձևով է խոսում պատգամավորի հետ, ինչ-որ իմաստով պաշտպանված սուբյեկտներ ենք մենք։ Բա պատկերացրեք շարքային քաղաքացու հետ ինչպես կարող է խոսել ինքը և իր ենթակաները», – երկրի գլխավոր քննիչի պահվածքը գնահատել է պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որը նրա «ճնշումների» հիմնական զոհն էր։
Ըստ որոշ շարքային քաղաքացիների հաղորդումների՝ Քննչական կոմիտեի նախագահը ներկա է եղել և մասնակցել է իրենց հանդեպ քննիչների խոշտանգումներին մեկուսարաններում։ Նրա օրոք քննչական բաժանմունքներից փորձում են փախչել. մի մեղադրյալ գցվել է պատուհանից և մահացել է։ Դեպքի հանգամանքները չեն բացահայտվել։
ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ավելի ներողամիտ է ՔԿ նախագահի հրապարակային պահվածքի հանդեպ, որովհետև՝ «սա Քյարամյանի դեբյուտն էր ԱԺ-ում»։
«Հանցավորության վիճակի» մասին ԱԺ լսումների ժամանակ Արգիշտի Քյարամյանը, մասնավորապես, փորձել է հարվածել Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին՝ ասելով՝ «ոտից գլուխ արա ես, արա»։ Քննիչին հետ են քաշել այլ ՔՊ-ական պատգամավորներ։ Քյարամյանն ինքը բղավել է, որ իր պահվածքը «տղայական չի, տղամարդկային ա»։
Լեզվակռիվը սկսել է, երբ դահլիճից ռեպլիկ լսելով՝ Քյարամյանն ասել է՝ «բան ասեցիք, այ սև շորերով պատգամավոր, ձեր հետ եմ» (հավանաբար՝ դիմելով Հովիկ Աղազարյանին)։ Աղազարյանը դիտողություն է արել՝ դա որակելով որպես ճնշման ձև՝ «երևի թե մասնագիտական», բայց անընդունելի ԱԺ-ում։
Քննչական կոմիտեի նախագահն արձագանքել է. «էս երկրի երեսին էդպիսի մեկը չկա, որ կարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել։ Եթե եղել է, ես դեռ շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել, արձագանքը հետագայում կզգացվի»։
Գլխավոր քննիչը ավելի զայրացավ, երբ նրան «տղայական» պահվածքի համար նկատողություն արեց նիստը վարող Անդրանիկ Քոչարյանը։ Քյարամյանը հայտարարեց, որ Աղազարյանի տղան ապօրինի բիզնես է անում։ Աղազարյանն ընդունել է, որ տղան մեկն է այն բիզնեսմեններից, ովքեր զբաղվում են ավտոմեքենաներ ներկրելով և արտասահման վերավաճառելով, և չեն վճարում ԱԱՀ-ը։ Սա հանցագործություն չէ, ըստ նրա, քանի որ օրենքի «լազեյկան» դա թույլ է տալիս։
Քյարամյանը մեղադրել է՝ Աղազարյանի որդու դեմ քրեական գործը կարճելու խնդրանքով իրեն «դիմել են»։ «Եթե մենք խոսում ենք հովանավորչությունից, կոռուպցիայի դեմ պայքարից, խնդրում եմ պատասխանեք էս հարցին»։
Աղազարյանը հերքել է և պահանջել, որ Քյարամյանն ասի՝ ով է իրեն զանգել։ Հետևել է գզզվռտոց, որը հարթել է լսումների հյուր Դանիել Իոննիսյանը որպես «խաղաղության աղավնի»։
Արգիշտի Քյարամյանը ունի բազմաթիվ մեդալներ, որոնցից հրապարակված է մեկը. 2021թ-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
Թեև Քյարամյանի պաշտոնից հեռացումը պահանջում են ԶԼՄ-ները և քաղհասարակությունը, Քաղաքացիական պայմանագիրը հակված է կոնֆլիտը հանգստացնելով սահմանափակվել. Քյարամյանը իրեն ներկայացրեց որպես կոռուպցիայի դեմ մարտիկ, իսկ Աղազարյանը՝ հին կապիտալի դեմ նոր բիզնեսներ ստեղծելու աջակից։ Վարչապետի կուսակցությանը դժվար կլինի ընտրություն անել այս երկու սրբությունների միջև։