Մինչ Թուրքիայի արտաքին գերատեսչությունը փորձում է ամեն ինչ անել` խուսափելու համար Մերձավոր Արևելքի երկրներում կրոնական միավորումների հնարավոր բախումներից, երկրի ներսում շիաների գլխավոր միավորումը` քաֆերիները, բողոքում են իրենց հանդեպ իրականացվող կրոնական խտրականության դեմ, գրում է Hürriyet Daily News-ը:
Թուրքիայում բնակվող մոտ 3 մլն շիա մահմեդականների առաջնորդ Սելահեթին Օզգյունդուզը պնդում է, որ երկրում քաֆերիները ասիմիլյացիայի են ենթարկվում և հետապնդվում են կառավարության կողմից տարվող քաղաքականության հետևանքով:
«Կրոնական հարցերով զբաղվող պետական վարչությունն իրենց կողմից հրապարակվող գրքերում շիաներին որպես իսլամի ներքին թշնամի և սադրիչ է ներկայացնում: Մենք վիրավորանքի թիրախ ենք դառնում, իսկ մեր երեխաները կրթվում են դպրոցներում դասավանդվող սունի իսլամիստական դաստիարակության հիման վրա: Սա ուղղակիորեն ասիմիլյացիա է», – Hürriyet Daily News-ի հետ զրույցում ասել է Օզգյունդուզը:
Նա պնդում է, որ պետական վարչությունը գործում է որպես Սունի իսլամիստների պաշտոնական կազմակերպություն և պիտակավորում է այլ կրոնական փոքրամասնությունները:
«Այն հարկերը, որ մենք վճարում ենք, մեզ են վերադառնում մերժման, ասիմիլյացիայի և վիրավորանքների տեսքով, – հայտարարել է շիաների ղեկավարը: – Եթե մեր հարկերը փոխանցվում են այնպիսի կազմակերպության հաշվին, որը ծառայում է միայն մեկ կրոնական միավորման շահերին և արհամարհում մնացածին, այստեղ մենք օրինականության խնդիր ունենք», – ասել է Օզգյունդուզը:
Ըստ նրա` Թուրքիայում պետական քաղաքականությամբ խտրականության ենթարկվող կրոնական համայնքների մեջ են մտնում նաև ալևիները:
Այս համայնքները կոչ են անում իշխանություններին դադարեցնել ասիմիլյացիայի գործընթացը, որը հակասում է մարդու իրավունքներին և անմիջապես փոխել վերաբերմունքն այս կրոնական միավորումների նկատմամբ: