Չեչնիայում արգելում են սխալ երգել. ճիշտը 80-166 զարկն է
Արգելվում են «փոխառնությունները այլ ժողովուրդների երաժշտական մշակույթից», արգելվում է աղավաղել կամ փոփոխել հեղինակային երգերը։
Mer Tery Der hamberum e․ բանավեճ արձանի շուրջ
«Ոչ թե աստվածուհի, այլ դիցուհի»; «Ayo jisht eq Amen», «Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն»․․․
Վանի ընտրված դատված քաղաքապետին հեռացնել չհաջողվեց
Վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ Թուրքիայի ընդդիմությունը հաղթել է հանրապետության բոլոր խոշոր քաղաքներում․․․
56-ամյա Սամվել Ավանեսյանը անհետ կորել է․ օգնեք
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Մալաթիայի կամ մոտակա բաժին, կամ՝ զանգահարել 1-02 հեռախոսահամարով:
Ոստիկանների հանցանքն ակներև է նույնիսկ առանց տեսանյութի
— Նույնիսկ եթե չլիներ տեսանյութը, եղած փաստերը հերիք են, որպեսզի Երևանի կենտրոնական բաժնի ոստիկանները պատասխանատվության ենթարկվեն Վահե Նավոյանին ծեծելու, հայհոյելու՝ խոշտանգելու համար։ Ոստիկանության Երևանի վարչության Կենտրոնական բաժնի օպեր-լիազորները մարտի 14-ին բերման են ենթարկել Վահե Նավոյանին։ Արտահոսած տեսանյութում պատկերվածը, ըստ փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանի, ընդամենը մի մասն է նրա, ինչ եղել է իրականում։ «Օպերները հարվածելով, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով մի քանի ժամ շարունակ թե՛ ոստիկանությունից դուրս և թե՛ ոստիկանության բաժնում (բայց առավել ինտենսիվ հենց դրսում, ընդ որում՝ երկու անգամ) փորձել են իրենից տեղեկություններ կորզել։ Մարտի 16-ին նա ներկայացվել է կալանքի։ Խոշտանգման մասին ի սկզբանե որևէ տեղեկություն մենք չենք ունեցել, այդ հարցը դատարանում չի քննարկվել։ Երբ մեր պաշտպանյալին կալանքից ազատ են արձակել (դատարանը տնային կալանք է կիրառել), նա նոր պատմել է տեղի ունեցածի մասին։ Ասաց՝ «եթե կալանք տային, ես հաստատ էս մասին չէի բարձրաձայնի, բայց տանը ոնց որ չեմ վախենում», - Epress.am-ի հետ զրույցում պատմել է փաստաբանը։ Խոսքը, ըստ նրա, դասական խոշտանգման մասին է։ Մարտի 28-ին Նավոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Քրեական գործ է հարուցվել։ Ապրիլի 2-ին երիտասարդը գործով տուժող է ճանաչվել։ Վահե Նավոյանին մեղադրում են գողության մեջ։ Փաստաբանը շեշտում է՝ խոշտանգման գործի համատեքստում դա որևէ նշանակություն, իրականում, չունի․ «Եթե նույնիսկ նրան առանձնապես ծանր հանցագործության, նույնիսկ եթե սպանության մեջ մեղադրեին, չպե՛տք է խոշտանգում լիներ։ Իմ վստահորդը չի ընդունել մեղքը, առ այսօր է չի ընդունում, և մենք էլ ենք համոզված, որ գողության դեպք իրականում չկա։ Բայց մենք չենք ուզում շեշտ դրա վրա դնել։ Անկախ նրանից, արել է նա որևէ բան թե չէ, խոշտանգում չէր կարող լինել։ Կան որոշ իրավունքներ, որոնք կարող են ենթակա լինել սահմանափակման, բայց խոշտանգման արգելքը բացարձա՛կ է և կախված չէ որևէ այլ հանգամանքից։ Բացի նրանից, որ սա ուղղակիորեն հակաօրինական էր, նաև անիմաստ էր ինչ-որ իմաստով։ Որոշ մարդիկ անպատիժ են մնացել նաև նախկինում, դրա համար այս վիճակն է տիրում։ Կենտրոնի միևնույն ոստիկանական բաժնում ամիսներ առաջ բռնություն էր կիրառվել փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ։ Ո՞ւր է հիմա այդ գործը, ո՞վ է պատժվել։ Չի բացառվում, որ այս դեպքով էլ նույն մարդիկ կարող են ներգրավված լինել։ Ես ուրիշ հայտարարություններ չեմ անում, չեմ ասում՝ ինչ-որ մեկին պաշտոնանկ արեք և այլն։ Բայց կա կոնկրետ գործ, այս գործով պետք է ազնիվ և օբյեկտիվ քննություն իրականացվի, կոնկրետ մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության», – ասել է Մարտիրոսյանը։ Ոստիկանությունից, մինչ այդ, տեղեկացրել են, որ դեպքի առթիվ ծառայողական քննություն են իրականացնում։ Մարտիրոսյանը վստահ է՝ այն ոչ միայն չի օգնելու, այլև խանգարելու է գործի բացահայտմանը․ «Դրանից ավելի վատ բան չկա։ Ինչի՞ համար են ծառայողական քննություն անում, եթե կա քրեական վարույթ նախաձեռնված։ Այս գործով ոստիկանությունը պետք է հնարավորինս գործողություններ չիրականացի, եթե քննիչը նման բան չի պահանջում։ Խոշտանգման դեպքերի արդյունավետ քննությունը ենթադրում է, որ ոստիկաննեը, որոնք տեսականորեն ներգրավված կարող են լինել, պետք է գործընթացից դուրս լինեն։ Ծառայողական քննությունը, կարծում եմ, խանգարելու է քրեական գործի արդյունավետ քննությանը, ոչ թե օգնելու, ու հենց դրան է միտված։ Ի վերջո, սա առաջին անգամը չէ»։ Եթե իրավապահները ցանկություն ունենան այս գործը բացահայտել, ապացույցների պակաս, ըստ փաստաբանի, չեն ունենա․ «Նրանք ահագին երկար ճանապարհ են անցել՝ իրեն արգելանքի վերցնելուց մինչև էդ դեպքի վայր, հետո հետ՝ Կենտրոնի բաժին։ Հաղորդման մեջ մենք նշել ենք նաև կոնկրետ ավտոմեքենաները՝ կոնկրետ համարանիշներով։ Հնարավոր է, որ դրանք նաև օպերատիվ համարանիշներ լինեն։ Առանց այսօր հրապարակված տեսանյութի էլ, եթե իրավապահ մարմինները ցանկություն ունենան, այս գործը մի քանի օրվա ընթացքում կարող են բացահայտել։ Ներգրավված անձանց շրջանակը մոտավոր հայտնի է, օրը հայտնի է, վայրը հայտնի է, ժամը հայտնի է, ավտոմեքենաները հայտնի են։ Մի քանի օրում մեղավորները կարող են բացահայտվել»։
Երևանի քաղաքագլուխը փորձեց համոզել հին ծառերի պաշտպաններին
ցուցարար․ «Ինչո՞ւ եք առողջ ծառերը կտրում»։ քաղաքապետ․ «Որովհետև չենք կտրում»։ ցուցարար․ «Вы вырубаете их»! քաղաքապետ․ «Ребята, ну хватит էլի»։
Ոստիկանությունը շարունակում է խոշտանգել․ տոտալ անպատժելիություն
Ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումնրի վրա ծախսվել են ահռելի ռեսուրսներ, բայց խորքային բարեփոխումներ տեղի չեն ունեցել:
Արցախում մնացած պաշտոնյան Հայաստան է եկել և կալանավորվել․ լրագրողի «ցուցումներից» մինչև քրգործ
Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելուց հետո ձերբակալվել է։ Քննչական կոմիտեն նրան մեղադրում է լրտեսության հոդվածով, խափանման միջոց է ընտրվել կալանքը։ «Մարտի 30-ին նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում նշված անձին մեղադրանք է ներկայացվել լրտեսության համար։ Նախաքննության շահերից ելնելով՝ հավելյալ տեղեկատվություն այս պահին հրապարակման ենթակա չէ», - ասել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ «Ազատության» տեղեկություններով՝ Գալստյանը և կինը Հայաստան են եկել անցած ուրբաթ օրը և հենց Գորիսում ձերբակալվել ԱԱԾ կողմից։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին հաստատել է՝ մարտի 29-ին երկու քաղաքացու են տեղափոխել Լեռնային Ղարաբաղից․ «Բնականաբար, այդ աջակցությունը մենք տրամադրել ենք՝ հիմնվելով անձանց կամքի և ցանկության վրա։ Ընդհանուր առմամբ 50-ից ավելի անձանց հոկտեմբերից ի վեր օգնել ենք իրենց ցանկությամբ տեղափոխվել Հայաստան»։ Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժինն այսօր ավելի վաղ հաղորդել էր, որ ուրբաթ օրը Հայաստան տեղափոխված քաղաքացիները ամուսիններ են՝ Սամվել Գալստյանը և Մարգարիտա Շահնազարյանը: Հետագայում լրատվամիջոցը հաստատել է՝ խոսքը Սարգիս Գալստյանի մասին էր։ կոնտեքստ Սարգիս Գալստյանը Լեռնային Ղարաբաղում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, 1990-ականներին մասնակցել է ռազմական գործողություններին, եղել է Շուշիի վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, հետո աշխատել է Ռազմահայրենասիրության և կրթության նախարարությունում։ 2023-ի հոկտեմբերի սկզբին՝ լրագրող Թաթուլ Հակոբյանի հրապարակումից հետո, խոսակցություններ էին շրջանառվում, թե Ադրբեջանը Գալստյանին նշանակել է Ստեփանակերտի պարետ։ Նրա հարազատներն այս տեղեկությունները հերքում էին։ Լրագրող Հակոբյանը, «պարետության» մասին հաղորդելուց բացի, կասկածներ էր նաև հայտնել, թե Ղարաբաղում տարիներ շարունակ «միջին կարգի» պաշտոններ զբաղեցրած, նախկին նախագահ «Բակո Սահակյանի հետ քավոր-սանիկական կապեր» ունեցող, ժամանակին «Արցախի ԱԱԾ-ում աշխատած», Սարգիս Գալստյանը «դեռ 90-ականներին է հավաքագրվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից»: Ինչի վրա էր հիմնվում այս մեղադրանքը՝ այդքան էլ պարզ չէ։ Հրապարակաման հաջորդ իսկ օրը՝ հոկտեմբերի 4-ին, Հակոբյանը իր ֆեյսբուքյան գրառումից հեռացրել էր «դեռ 90-ականներից հավաքագրված» լինելու մասին ենթադրությունները։ Մինչ այդ գրել էր, թե՝ «Գալստյանի հետ այսօր կապվել են Երևանից՝ իր բարեկամները, որոնք այստեղ են տեղափոխվել։ Նա բառացիորեն ասել է, որ Խանքենդիում է և ծառայում է Ադրբեջանին՝ ընդդեմ Նիկոլի»։ Սարգիս Գալստյանի հարազատները նրա կապը Ադրբեջանի հետ առհասարակ հերքում էին։ Հաստատում էին՝ նա ու նրա կինը մնացել են իրենց տանը, բայցև պնդում՝ նա որևէ պաշտոն Բաքվից չեն ստացել։ «Ազատության» հետ զրույցում հարազատներից մեկը հոկտեմբերի 4-ին նշել էր․ «Ես կապ հաստատել եմ, ու տենց բան չկա։ Հերքել է ինքը այդ լուրը։ Ադրբեջանցիների հետ ոչ մի կապ ընդհանրապես չկա։ Երեկ եմ խոսել, գիշերը»։ Սարգիս Գալստյանի եղբորորդի՝ ԼՂ ԱԺ ընդդիմադիր «Արդարություն» (կուսակցությունը առաջնորդում էր գեներալ Վիտալի Բալասանյանը) խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը դեռ հոկտեմբերին պատմել էր՝ վերջին անգամ հորեղբորը տեսել է սեպտեմբերի 28-ից հետո, երբ տարհանվում էին Արցախից․ «Ասում էր՝ եթե այստեղ գոնե մեկ մարդ մնա, ես էլ եմ մնալու իր հետ։ Ես մտածում էի, որ բոլորը էդ ժամանակ դուրս են գալու, բայց փաստորեն բոլորը դուրս չեն եկել, և ինքը մնացել է»։ Դրանից հետո նրա հետ զրուցելու հնարավորություն պատգամավորն անձամբ չի ունեցել։ Դավիթ Գալստյանը նշել էր, թե տեղեկություններ ունի, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանը հորեղբորը մեկ այլ պաշտոնի է նշանակել․ «Հստակ չեմ կարող ասել՝ ինչ պաշտոնի։ Եթե Արցախից բոլոր պաշտոնյաները դուրս են եկել, հնարավոր է, որ պաշտոն են տվել, որ մնացած ժողովրդի հարցը լուծի։ Ինչ-որ տեղ համոզված եմ, որ Սարգիս Գալստյանը զբաղված է Արցախում մնացած հայերի խնդիրներով»։ Պատգամավորը քննադատել էր լրագրողին՝ կասկածների հիման վրա նման մեղադրանքներ տարածքելու համար, և հարցրել՝ եթե լրագրողը կարծում է, որ իր հորեղբայրը հավաքագրված է եղել, ապա կարող է ասել՝ այդ տեղեկությունը կամ ենթադրությունն իրեն որտեղի՞ց։ Հոկտեմբերի 16-ին գրառմամբ էր հանդես եկել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը․ «Օրերս Վարշավայում մի ադրբեջանցի դիվանագետ մոտեցավ, խոսակցության բռնվեց, Արցախի «ռեինտեգրացիայից» սկսեց պատմել ու իմ հակափաստարկներին ի պատասխան բառացի ասաց, որ «Ղարաբաղում կարևոր մի պաշտոնի հայի են նշանակել, որին Հայաստանում սկսեցին դավաճան անվանել»։ Իմ ճշտող հարցին, թե արդյո՞ք խոսքը Սարգիս Գալստյանի մասին է, Ադրբեջանցի դիվանագետը պատասխանեց «մենք իր անունը չէինք ուզում հրապարակեինք, Թաթուլ Հակոբյանը հրապարակեց»։ Թաթուլ Հակոբյանի հրապարակածը ճիշտ է, Սարգիս Գալստյանը միգուցե և պարետ չի, բայց հաստատ Բաքվի կողմից նշանակված է ինչ-որ պաշտոնի»։ «Ազատությունը», մինչ այդ, մեջբերել էր «Արցախի բարձրաստիճան մի պաշտոնյայի», որը «ցանկացել էր անանուն մնալ»․ - «Սարգիս Գալստյանն ասաց, որ ինքը մնում է, և սկսեց ադրբեջանցիների հետ համագործակցել, չեմ կարող ասել բայց՝ իրեն որևէ պաշտոն տվել են, թե չէ»։ 2023-ի սեպտեմբերից՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափումից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի լուծարումից հետո, Ղարաբաղում ադրբեջանական վարչակազմ է հաստատվել։ Այնտեղ մնացած մարդիկ, այս կամ այն չափով, հարկադրված են եղել հարաբերվել ադրբեջանական կառույցների կամ այդ կառույցների առանձին ներկայացուցիչների հետ։ Ոչ լրատվամիջոցը, ոչ նրան հարցազրույց տված «անանուն պաշտոնյան» չէին բացատրել՝ ինչ է այս կոնտեքստում նշանակում «ադրբեջանցիների հետ համագործակցելը»։ Քննչական կոմիտեն և պաշտոնական այլ գերատեսչությունները չեն մանրամասնում՝ կոնկրետ ինչում են մեղադրում Սարգիս Գալստյանին։
Ուժգին երկրաշարժ և սողանքներ Թայվանում․ կան զոհեր
Ամենաքիչը 26 շինություն է ավիրվել, 130 մարդ թակարդված է փլատակների տակ։ Մայրուղին մասնակիորեն անանցանելի է մասշտաբային սողանքների պատճառով։
«Ռուսները» մուռ են հանում «սևերից»
«Կրոկուս Սիթի Հոլ» մերձմոսկովյան համերգասրահում ահաբեկչությունից* հետո Ռուսաստանում ուժգնացել են հարձակումները միգրանտների և ազգային հանրապետությունների ներկայացուցիչների՝ «ոչ սլավոնական արտաքինով» ռուսաստանցիների վրա։ Մարդիկ ահազանգում են ոստիկանական ճնշումների և այլատյացության «հասարակական» դրսևորումների մասին՝ ռեյդեր հանրակացարաններում, ծեծ, վիրավորանքներ։ Հարձակումները ներկայացվում են որպես «վրեժխնդրություն» Կրոկուսի համար։ Հակամիգրանտական հայտարարություններից մինչև նեոնացի դեռահասներ․ ծեծ, դանակահարություն, ծաղր «Մի խումբ նացի-սքինհեդներ հարձակվել են առաքիչի վրա, դեմքին գազ են փչել, խլել են ուսապարկը։ Առաքիչը փորձել է փախչել, բայց սայթաքել է և ընկել ձյան թմբի վրա։ Դեմքը փակել է ձեռքերով։ Հարձակվողները հասել են նրա հետևից, սկսել են ծեծել ոտքերով և տելեսկոպիկ մահակով։ Նրանցից մեկը առաքիչի ձեռքից խլել է նրա հեռախոսը, փորձել է ջարդել, շպրտել է գետնին, բայց ասֆալտին չի հասել՝ հեռախոսն ընկել է ձյան մեջ։ Այնուհետև հարձակվողները փախուստի են դիմել», - այսպես է Nazi Video Monitoring Project (NVMP) նկարագրել համացանցում հայտնված տեսանյութերից մեկը։ Սա եզակի դեպք չէ։ Իրավապաշտպանները, որոնք մշտադիտարկում են ուլտրաաջական փողոցային հարձակումների տեսանյութերը, գրում են, որ վերջին մի քանի օրերի ընթացքում վիդեոներ են հայտնվել, որոնցում առնվազն 4 հոգու դեմքին արցունքաբեր գազ են փչում, 5-ին նաև ծեծում են։ Տեսանյութերի հեղինակները գրում են, որ դա «վրեժ է Կրոկուսի համար»։ Թե կոնկրետ երբ են եղել այս հարձակումները՝ հայտնի չէ։ Մարտի 27-ից հետո NVMP-ն զեկուցել է ծեծի և նվաստացումների ևս 6 տեսանկարահանված դեպքերի մասին։ սրքինշոթ առաքիչի վրա հարձակման տեսանյութից, 25.03.2024, աղբյուրը՝ NVMP Նեոնացիները հարձակվում են խմբերով, զոհերը հիմնականում առաքիչներ են, հավաքարարներ, խանութպաններ կամ պատահական անցորդներ։ Որոշ տեսանյութերում անհայտ անձինք վնասում են չեչենական, դաղստանական կամ ուզբեկական համարանիշներով մեքենաների անվադողերը։ «Սովա» կենտրոնի ներկայացուցիչ Վերա Ալպերովիչը «Մեդիազոնայի» հետ զրույցում նշում է՝ նման տեսանյութերը հաճախ հրապարակվում են դեպքից մի քանի շաբաթ հետո․ «Նեոնացիստական հարթակները նույնիսկ լավագույն ռասիստական տեսանյութի «մրցույթներ» են անցկացնում։ Հաճախ տեսանյութերը «պահվում են» նման դեպքերի համար»։ Ալպերովիչը չի բացառում, որ այս հարձակումները կարող էին ահաբեկչությունից առաջ լինել։ Ոչ բոլոր նման միջադեպերի մասին է հայտի դառնում։ Միշտ չի, որ հարձակումները տեսանկարահանվում են կամ հրապարակվում։ Զոհերն էլ մեծամասամբ խուսափում են հանրայնացումից։ հարձակում պատահական անցորդի վրա, տեսանյութը՝ 25.03.2024, աղբյուրը՝ NVMP Մարտի 24-ին, օրինակ, մի քանի դեռահասներ մոսկովյան մետրոյում շրջապատել էին Յակուտիայից եկած մի կնոջ, սկսել հակամիգրանտական կարգախոսներ վանկարկել և «զիգ հայլ» անել։ Տուժողի քույրը՝ Վասիլինա Լուկինան, ինստագրամում պատմել է, որ երիտասարդ տղամարդիկ նրան մետաղական մահակով են սպառնացել։ Լուկինայի խոսքով, նրանցից երկուսը ձերբակալվել են։ Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։ Նույն օրը Բլագովեշենսկում միրգ-բանջարեղենի տաղավար են հրկիզել։ Քաղաքի ղեկավարի խոսքերով, հարձակումը «ազգային հողի վրա է» եղել։ «Դուք լավ հասկանում եք, որ «Կրոկուս Սիթի Հոլում» սպանդանոց կազմակերպած բանդերական տականքների նպատակներից մեկը Ռուսաստանում ազգամիջյան թշնամանք տարածելն էր։ Խնդրում եմ խոհեմ գտնվել», - գրել է պաշտոնյան: Ռուսաստանի ղեկավարությունը «բանդերական» է անվանում ուրաինացիներին։ Թեև Կրոկուսի ահաբեկչության համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետության» Վիլայեթ Խորասան աֆղանական մասնաճյուղը (ահաբեկչական խմբավորումը տեսանյութեր է հրապարակել, որոնք ապացուցում են՝ կատարողները կապված էին հենց իրենց հետ), Կրեմլը փորձում է տեղի ունեցածը կապել Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ։ Արդեն մարտի 25-ին դանակով զինված տղամարդը ներխուժել է մերձմոսկովյան Ֆրազինոյում գտնվող ինտերնետ-ակումբ և վիրավորել երկու օտարերկրացիների։ Նրան կալանավորել են։ Astra-ն՝ հղվելով ակումբի աշխատակիցներին, գրել է, որ զինված տղամարդը ռասիստական վիրավորանքներ էր վանկարկում։ Հարձակում Ֆարզինոյի ինտերնետ-ակումբում, երկու հոգու դանակահարել են, 25․03․2024 Վերա Ալպերովիչի խոսքով, հետազոտողները փողոցային հարձակումների աճ են ֆիսքում սկսած 2021 թվականից։ Պետական հակամիգրանտական հռետորաբանությունը վերջին երկու-երեք տարիների ընթացքում սրվել է։ Նեոնացիների նոր սերնդի հայտնությունը հենց դրանով են պայմանավորում․ «Թինէյջերներ են, երբեմն՝ շատ երիտասարդ, 13-14 տարեկան երեխաներ»։ 2014-2019 թվականներին միգրատների թեման հասարակական ոլորտում համարյա թե տաբուացված էր, և «ուլտրաաջական դաշտը ավելի շուտ մեռած էր, քան թե ողջ»։Ընդ որում, ըստ փորձագետի, ուժայինները բավականին արագ քննում են նման հացագործությունները, եթե դրանք հայտնվում են ԶԼՄ-ներում և ակտիվորեն լուսաբանվում։ Մնացած բոլոր դեպքերում իրավական հետագիծը տեսանելի չէ։ «Անցած տարի մեզ հայտնի դեպքերը 123-ն են եղել, այս տարի՝ 49։ Մանր բռնությունները չենք հաշվել։ Օրինակ՝ մարդիկ, որոնց վրա գազ են փչել, այս վիճակագրությունում չկան։ Խոսքը միայն այն դեպքերի մասին է, երբ ծեծել են կամ կրակել», - ասել է փորձագետը։ Վիճակագրությունում ներառված են և՛ վիրավորները, և՛ սպանվածները։ «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության ազդեցությունը, դրա մասշտաբները դեռ դժվար գնահատելի են․ «Իրավիճակը հնարավոր կլինի ֆիքսել նվազագույնը երկու-երեք շաբաթից»։ Կենցաղային քսենոֆոբիա, աշխատանքային չարաշահումներ, կասկածանքներ Թեև Ռուսաստանի նախագահը «Կրոկուսի» ահաբեկչությունը կապել է Կիևի հետ, նույնիսկ նրա շրջապատում, ըստ Bloomberg-ի կրեմլամերձ աղբյուրների, գրեթե ոչ ոք չի հավատում այս վարկածին։ Սովորական ռուսաստանցիներն էլ, դատելով արձագանքներից, ավելի կասկածամիտ են դարձել ոչ թե ուկրաինացիների, այլ «ոչ սլավոնական» արտաքինով մարդկանց՝ կովկասցիների, Կենտրոնական Ասիայից եկած միգրանտների նկատմամբ։ «Նրանց ցույց են տալիս ոչ սլավոնական արտաքինով մարդկանց։ Այս ահաբեկչության հետևում ով ասես կարող էր կանգնած լինել, բայց հարվածի տակ են հայտնվում նրանք, ովքեր ավելի մոտ են», - բացատրում է Ալպերովիչը։ Սա նոր բան չէ Ռուսաստանում․ 90-ականների վերջն ու 00-ականները մինչև հիմա հիշվում են ռասիստական շարժումներով, որոնք սնուցվում էին կովկասցիների դեմ պետական քարոզչությամբ։ «Սովայի» մասնագետները քսենոֆոբիայի աճ են կանխատեսում նաև հիմա։ Այն կարող է արտահայտնվել երկու ձևով՝ կենցաղային ագրեսիա («ինչ-որ մեկը ինչ-որ մեկի վրա գոռում է ավտոբուսում, հրում, խփում, հրաժարվում սպասարկել») և աջակցություն հակամիգրանտական քաղաքական նախաձեռնություններին։ Indigenous of Russia կազմակերպության համահիմնադիր Վիկտորիա Մալադաևան նշում է՝ կենցաղային քսենոֆոբիայի եռակի աճ կա․ «Մեղավոր են հանել բնակչության ամենաչպաշտպանված խմբին՝ միգրանտներին։ Բայց քանի որ մեզ մոտ հարձակվում և ձերբակալում են ոչ թե անձնագրի, այլ արտաքինի համար՝ տուժում են նաև բնիկ ժողովուրդների և էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչնեը, այսինքն՝ հենց ռուսաստանցիները»։ Մալադաևան բազմաթիվ նամակներ է ստացել ամենատարբեր ազգության մարդկանցից։ Նրանք ասում են, որ վախենում են տնից դուրս գալ, զրկվում են աշխատանքից, տեղաշարժվում են միայն տաքսիով։ «Մեդիազոնայի» տվյալներով, մերձմոսկովյան Լյուբերեցի բազմաբնակարան շենքի ընդհանուր չատում, օրինակ, լիազորը խնդրում էր բնակիչներին «ոստիկանական մարմինների կողմից անձնագրային և վիզային ռեժիմի ստուգման շրջանակներում» պատմել բնակարանների մասին, որտեղ միգրանտներ են ապրում։ «Տակիյե դելա» պարբերականի հետ զրույցում Տաջիկստանից եկած մարդիկ պատմում էին, որ հասարակական վայրերում իրենց արդեն թարս են նայում։ Երբեմն ուղևորները չեղարկում են պատվերը, երբ իմանում են տաքսու վարորդի ազգության մասին։ Պարբերականի զրուցակիցներից մեկի եղբորը գործից հեռացրել են ահաբեկչության հաջորդ օրը։ Նա մտածում է սափրել մորուքը, ասում է՝ անձնագիր ստուգելու համար ոստիկանները արդեն շատ հաճախ են կանգնեցնում։ Ոստիկանական ռեյդեր Ոստիկանությունը ահաբեկչությանն արձագանքել է ռեյդերով՝ ներխուժում են հոսթելներ, հանրակացարաններ, շինհրապարակներ և պահեստներ։ Մարտի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ռեյդեր են եղել Մոսկվայում, Մոսկվայի մարզում, Վոլգոգրադում, Տուլայում, բռնակցված Սևաստոպոլում, նաև Սարատովում, Կալինինգրադում, Եկատերինբուրգում, Նիժնեվարտովսկում, Նեֆտեյուգանսկում։ Հիմնականում ոստիկանները արձանագրություններ են կազմել միգրացիոն օրենսդրության խախտումների համար, որոշ դեպքերում՝ հարկադրել են միգրանտներին լքել Ռուսաստանը։ Միգրանտների գործերով զբաղվող փաստաբան Վալենտինա Չուպիկը պատմել է, որ ահաբեկչությունից երկու օր առաջ երկուսուկես հազար բողոք է ստացել, առնվազն կեսը կապված էին ձերբակալությունների հետ։ Մոտ 30 հոգի ահազանգել է «պահման տանջալի պայմանների» մասին՝ ցրտի մեջ են պահել, զրկել են ջրից և սննդից, թույլ չեն տվել օգտվել զուգարանից։ Երեկ հայտնի է դարձել, որ ոստիկանական բաժանմունքում, ենթադրաբար՝ մարտի 22-ից 23-ին գիշերը, տանջամահ են արել 30-ամյա չեչեն տղամարդուն՝ Ասխաբ Ուսպանովին։ Ղրղզստանի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել իր քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Ռուսաստան այցելելուց, Ուզբեկստանի արտաքին աշխատանքային միգրացիայի գործակալությունը խնդրել է հասարակական վայրեր չգնալ։ Մարտի 25-ին ռուսական Պետդումայի պատգամավոր Սերգեյ Միրոնովը առաջարկել է չեղարկել առանց վիզայի ռեժիմը Կենտրոնական Ասիայի երկրների հետ և հայտարարել, թե «բաց սահմաններից օգտվում են մեր թշնամիները»։ Հաջորդ օրը՝ Ռուսաստանի Գլխավոր դատախազության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ, գերատեսչության ղեկավար Իգոր Կրասնովը խոսքի մեջ ասել է, թե միգրանտների կողմից կատարված հանցագործությունների քանակը 2023 թվականին աճել է 75 տոկոսով։ Վլադիմիր Պուտինը հրահանգել է դատախազությանը միգրացիոն ոլորտում «հավելյալ կանխարգելիչ, պրոֆիլակտիկ» միջոցների համակարգ «մտածել»։ Ռուսական ուղղափառ եկեղեցու առաջնորդ Կիրիլը մարտի 27-ի վեհաժողովի ժամանակ հավաստիացրել է, թե «բնության մեջ ռուսական ազգայնականություն գոյություն չունի» և հավելել՝ իրական խնդիրը «միգրանտների մի մասի չկամությունն է՝ հարգել այն երկրի մշակույթը, ուր նրանք եկել են աշխատելու»։ Հարձակումների և ճնշումների ամբողջական պատկերը հայտնի չէ․ միգրանտները և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հիմնականում խուսափում են ոչ միայն ոստիկանությանը, այլև իրավապաշտպան կազմակերպություններին և ԶԼՄ-ներին դիմելուց։ * Մարտի 22-ին մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահ են ներխուժել ավտոմատներով զինված 4 տղամարդիկ։ Գնդկահարելով ֆոյեյում հավաքվածներին, նրանք շարժվել են դեպի դահլիճ, որտեղ հարյուրավոր մարդիկ սպասում էին ուշ խորհրդային «Պիկնիկ» ռոք խմբի համերգի մեկնարկին։ Կրակահերթերից հետո ահաբեկիչները հրկիզել են համերգասրահն ու հեռացել։ 143 մարդ զոհվել է, ավելի քան 550-ը՝ վիրավորվել։ Կան անհետ կորածներ։ Կատարողները և, ինչպես պնդում է քննությունը, «օժանդակողները» ձերբակալված են։ Մեծ մասը Տաջիկստանի քաղաքացիներ են, կա նաև Ղրղզստանի և Ռուսաստանի քաղաքացի։ Ահաբեկչության կատարման մեջ մեղադրվող 4 տղամարդկանց դատարան են հասցրել դաժան խոշտանգումների հետքերով։ Նրանցից մեկն ինքնուրույն տեղաշարժվել չէր կարողանում (դատական դահլիճ են մտցրել կիսագիտակից վիճակում՝ սայլակով), մյուսի վզին պոլիէթիլենային տոպրակ էր կապած, երրորդի ականջն էր կտրված։ Բոլորի դեմքերը ծեծված էին՝ կապտուկներով և արյունազեղումներով։ Նախքան դատական նիստը ոստիկանության հետ փոխկապակցված տելեգրամյան ալիքները տեսանյութեր էին հրապարակել, որոնցում խոշտանգումներից մի քանի դրվագ էր երևում։ Տեսանյութերից մեկում մեղադրյալի ամորձիներին էլեկտրական լարեր էին միացված, մյուսում ոստիկանները, տեսախցիկի առաջ, կտրում էին ձերբակալվածի ականջը և մտցնում բերանը՝ սպառնալով, որ նույնը կանեն նաև սեռական օրգանի հետ։ Նյութը հիմնվում է «Մեդիազոնայի» հրապարակման վրա և ամփոփում է հիմնականում մինչև մարտի 27-ը հանրայնացված դեպքերը
Մոսկվայի ոստիկանները մի քանի ժամում տանջամահ են արել 30-ամյա չեչենին
Սակայն ավելի ուշ կրկին զանգել է և ասել, որ կոպտել է ուժայիններին և խնդրել հարազատներին հասնել իր մոտ։
ՀՀ ՊՆ․ կրակել են նրանք, այլ ոչ թե մենք, ԵՄ դիտորդներ․ արտառոց տեղաշարժ չկա
Բաքվին երեկ հերքել է նաև Հայաստանում Եվրամիության առաքելությունը, որը պարեկություն է իրականացրել Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում․․․