Վանի ընտրված դատված քաղաքապետին հեռացնել չհաջողվեց
Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը վերականգնել է Վանի քաղաքապետի ընտրություններում քրդամետ Աբդուլլահ Զեյդանի հաղթանակը։ Չնայած որ թեկնածուն հաղթել էր ձայների մեծամասնությամբ՝ ընտրական հանձնաժողովը հրաժարվել է նրան հանձնել քաղաքապետի արտոնագիրը, ինչն էլ հանգեցրել է բողոքի ակցիաների և ընդվզման։
Կիրակի օրը կայացած մունիցիպալ ընտրություններում Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության (ԺՀԺԿ) թեկնածու Զեյդանը հավաքել է ձայների ավելի քան 55 տոկոսը, սակայն տարածքային ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ նախկինում դատվածության պատճառով նա առաջադրվելու իրավունք չունի և քաղաքապետի լիազորություները հանձնել է 27 տոկոս հավաքած իշխող Արդարություն և զարգացում կուսակցության թեկնածուին։
Աբդուլլահ Զեյդանը բանտարկվել է 2016 թվականին քուրդ զինյալների դեմ թուրքական բանակի օդային արշավը քննադատելու համար և միայն 2022-ին ազատ արձակվել։
Ընտրական հանձնաժողովի որոշմանը հաջորդեցին բուռն բողոքի ցույցեր Իրանի հետ Թուրքիայի արևելյան սահմանին: Իշխանությունները ճնշումներ գործադրեցին ցուցարարների դեմ։ Ըստ Ներքին գործերի նախարարության՝ չարտոնված ցույցերին միանալու և «անջատողական ահաբեկչական կազմակերպության» (նկատի ունենալով Քրդական բանվորական կուսակցությանը) կարգախոսներ վանկարկելու համար 89 մարդ է ձերբակալվել։
https://twitter.com/DEMGenelMerkezi/status/1775550589897720064?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1775550589897720064%7Ctwgr%5Ea50ba92f711716fcf3152554e7986f9a4fd76e30%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.aljazeera.com%2Fnews%2F2024%2F4%2F3%2Fturkeys-election-board-reinstates-pro-kurdish-mayor
Թուրքական իշխանությունները հաճախ են մեղադրում Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցությանը՝ Քրդական բանվորական կուսակցության հետ կապերի մեջ։ ԺՀԺԿ-ն մեծությամբ երրորդ կուսակցությունն է Թուրքիայի խորհրդարանում:
Այնուամենայնիվ, ապրիլի 3-ին Գերագույն ընտրական խորհուրդը «քուրդ ժողովրդի դիմադրության արդյունքում» որոշել է վերականգնել Զեյդանին Վանի քաղաքապետի պաշտոնում, հայտնում է պետական Anadolu գործակալությունը։ Որոշումն ընդունվել է խորհրդի անդամների մեծամասնությամբ։
Տարիներ շարունակ Էրդողանի կառավարությունը պաշտոնանկ է արել ընտրված քրդամետ քաղաքապետներին՝ քուրդ զինյալների հետ ենթադրյալ կապերի պատրվակով և նրանց փոխարինել պետության կողմից հովանավորվող ղեկավարներով:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին կայացած մունիցիպալ ընտրությունների ժամանակ վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ Թուրքիայի ընդդիմությունը հաղթել է հանրապետության բոլոր խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում, մայրաքաղաք Անկարայում, Իզմիրում, Անթալիայում, Ադանայում, Բուրսայում։