Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելուց հետո ձերբակալվել է։ Քննչական կոմիտեն նրան մեղադրում է լրտեսության հոդվածով, խափանման միջոց է ընտրվել կալանքը։
«Մարտի 30-ին նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում նշված անձին մեղադրանք է ներկայացվել լրտեսության համար։ Նախաքննության շահերից ելնելով՝ հավելյալ տեղեկատվություն այս պահին հրապարակման ենթակա չէ», – ասել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Ազատության» տեղեկություններով՝ Գալստյանը և կինը Հայաստան են եկել անցած ուրբաթ օրը և հենց Գորիսում ձերբակալվել ԱԱԾ կողմից։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին հաստատել է՝ մարտի 29-ին երկու քաղաքացու են տեղափոխել Լեռնային Ղարաբաղից․ «Բնականաբար, այդ աջակցությունը մենք տրամադրել ենք՝ հիմնվելով անձանց կամքի և ցանկության վրա։ Ընդհանուր առմամբ 50-ից ավելի անձանց հոկտեմբերից ի վեր օգնել ենք իրենց ցանկությամբ տեղափոխվել Հայաստան»։
Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժինն այսօր ավելի վաղ հաղորդել էր, որ ուրբաթ օրը Հայաստան տեղափոխված քաղաքացիները ամուսիններ են՝ Սամվել [ոչ թե Սարգիս – խմբ․] Գալստյանը և Մարգարիտա Շահնազարյանը: Հետագայում լրատվամիջոցը հաստատել է՝ խոսքը Սարգիս Գալստյանի մասին էր։
կոնտեքստ
Սարգիս Գալստյանը Լեռնային Ղարաբաղում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, 1990-ականներին մասնակցել է ռազմական գործողություններին, եղել է Շուշիի վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, հետո աշխատել է Ռազմահայրենասիրության և կրթության նախարարությունում։
2023-ի հոկտեմբերի սկզբին՝ լրագրող Թաթուլ Հակոբյանի հրապարակումից հետո, խոսակցություններ էին շրջանառվում, թե Ադրբեջանը Գալստյանին նշանակել է Ստեփանակերտի պարետ։ Նրա հարազատներն այս տեղեկությունները հերքում էին։
Լրագրող Հակոբյանը, «պարետության» մասին հաղորդելուց բացի, կասկածներ էր նաև հայտնել, թե Ղարաբաղում տարիներ շարունակ «միջին կարգի» պաշտոններ զբաղեցրած, նախկին նախագահ «Բակո Սահակյանի հետ քավոր-սանիկական կապեր» ունեցող, ժամանակին «Արցախի ԱԱԾ-ում աշխատած», Սարգիս Գալստյանը «դեռ 90-ականներին է հավաքագրվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից»: Ինչի վրա էր հիմնվում այս մեղադրանքը՝ այդքան էլ պարզ չէ։
Հրապարակաման հաջորդ իսկ օրը՝ հոկտեմբերի 4-ին, Հակոբյանը իր ֆեյսբուքյան գրառումից հեռացրել էր «դեռ 90-ականներից հավաքագրված» լինելու մասին ենթադրությունները։ Մինչ այդ գրել էր, թե՝ «Գալստյանի հետ այսօր կապվել են Երևանից՝ իր բարեկամները, որոնք այստեղ են տեղափոխվել։ Նա բառացիորեն ասել է, որ Խանքենդիում է և ծառայում է Ադրբեջանին՝ ընդդեմ Նիկոլի»։
Սարգիս Գալստյանի հարազատները նրա կապը Ադրբեջանի հետ առհասարակ հերքում էին։ Հաստատում էին՝ նա ու նրա կինը մնացել են իրենց տանը, բայցև պնդում՝ նա որևէ պաշտոն Բաքվից չեն ստացել։ «Ազատության» հետ զրույցում հարազատներից մեկը հոկտեմբերի 4-ին նշել էր․ «Ես կապ հաստատել եմ, ու տենց բան չկա։ Հերքել է ինքը այդ լուրը։ Ադրբեջանցիների հետ ոչ մի կապ ընդհանրապես չկա։ Երեկ եմ խոսել, գիշերը»։
Սարգիս Գալստյանի եղբորորդի՝ ԼՂ ԱԺ ընդդիմադիր «Արդարություն» (կուսակցությունը առաջնորդում էր գեներալ Վիտալի Բալասանյանը) խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը դեռ հոկտեմբերին պատմել էր՝ վերջին անգամ հորեղբորը տեսել է սեպտեմբերի 28-ից հետո, երբ տարհանվում էին Արցախից․ «Ասում էր՝ եթե այստեղ գոնե մեկ մարդ մնա, ես էլ եմ մնալու իր հետ։ Ես մտածում էի, որ բոլորը էդ ժամանակ դուրս են գալու, բայց փաստորեն բոլորը դուրս չեն եկել, և ինքը մնացել է»։ Դրանից հետո նրա հետ զրուցելու հնարավորություն պատգամավորն անձամբ չի ունեցել։
Դավիթ Գալստյանը նշել էր, թե տեղեկություններ ունի, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանը հորեղբորը մեկ այլ պաշտոնի է նշանակել․ «Հստակ չեմ կարող ասել՝ ինչ պաշտոնի։ Եթե Արցախից բոլոր պաշտոնյաները դուրս են եկել, հնարավոր է, որ պաշտոն են տվել, որ մնացած ժողովրդի հարցը լուծի։ Ինչ-որ տեղ համոզված եմ, որ Սարգիս Գալստյանը զբաղված է Արցախում մնացած հայերի խնդիրներով»։
Պատգամավորը քննադատել էր լրագրողին՝ կասկածների հիման վրա նման մեղադրանքներ տարածքելու համար, և հարցրել՝ եթե լրագրողը կարծում է, որ իր հորեղբայրը հավաքագրված է եղել, ապա կարող է ասել՝ այդ տեղեկությունը կամ ենթադրությունն իրեն որտեղի՞ց։
Հոկտեմբերի 16-ին գրառմամբ էր հանդես եկել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը․ «Օրերս Վարշավայում մի ադրբեջանցի դիվանագետ մոտեցավ, խոսակցության բռնվեց, Արցախի «ռեինտեգրացիայից» սկսեց պատմել ու իմ հակափաստարկներին ի պատասխան բառացի ասաց, որ «Ղարաբաղում կարևոր մի պաշտոնի հայի են նշանակել, որին Հայաստանում սկսեցին դավաճան անվանել»։ Իմ ճշտող հարցին, թե արդյո՞ք խոսքը Սարգիս Գալստյանի մասին է, Ադրբեջանցի դիվանագետը պատասխանեց «մենք իր անունը չէինք ուզում հրապարակեինք, Թաթուլ Հակոբյանը հրապարակեց»։ Թաթուլ Հակոբյանի հրապարակածը ճիշտ է, Սարգիս Գալստյանը միգուցե և պարետ չի, բայց հաստատ Բաքվի կողմից նշանակված է ինչ-որ պաշտոնի»։
«Ազատությունը», մինչ այդ, մեջբերել էր «Արցախի բարձրաստիճան մի պաշտոնյայի», որը «ցանկացել էր անանուն մնալ»․ – «Սարգիս Գալստյանն ասաց, որ ինքը մնում է, և սկսեց ադրբեջանցիների հետ համագործակցել, չեմ կարող ասել բայց՝ իրեն որևէ պաշտոն տվել են, թե չէ»։
2023-ի սեպտեմբերից՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափումից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի լուծարումից հետո, Ղարաբաղում ադրբեջանական վարչակազմ է հաստատվել։ Այնտեղ մնացած մարդիկ, այս կամ այն չափով, հարկադրված են եղել հարաբերվել ադրբեջանական կառույցների կամ այդ կառույցների առանձին ներկայացուցիչների հետ։
Ոչ լրատվամիջոցը, ոչ նրան հարցազրույց տված «անանուն պաշտոնյան» չէին բացատրել՝ ինչ է այս կոնտեքստում նշանակում «ադրբեջանցիների հետ համագործակցելը»։ Քննչական կոմիտեն և պաշտոնական այլ գերատեսչությունները չեն մանրամասնում՝ կոնկրետ ինչում են մեղադրում Սարգիս Գալստյանին։