ԵՊՀ ռեկտորը համոզված է, որ իրեն ժամկետից շուտ պաշտոնանկ չեն անի
Վերջերս հայկական մամուլում տեղ գտան հրապարակումներ, թե հնարավոր է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ժամանակից շուտ պաշտոնանկ արվի, իսկ որպես ռեկտորի պաշտոնի հիմնական հավակնորդ շրջանառվում էր Սերժ Սարգսյանի եղբոր` ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու պատմության ամբիոնի վարիչ Լևոն Սարգսյանի անունը:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Արամ Սիմոնյանը, պատասխանելով Epress.am-ի հարցին, անդրադարձավ իրեն պաշտոնանկ անելու մասին լուրերին` նշելով, որ դրանք պարզապես ասեկոսեներ են:
«Մի հավատացեք բանբասանքներին, երբ ընտրվեցի ռեկտորի պաշտոնում, սկսվեցին իմ` պաշտոնանկ լինելու մասին լուրերը: Մինչև ժամկետի ավարտը պիտի աշխատեմ: Հետո ԵՊՀ խորհուրդը կընտրի ամենաարժանավորին: Եվ նախագահի եղբայրը և Համալսարանի մյուս դոկտոր-պրոֆեսորները հնարավորություն ունեն իրենց թեկնածությունն առաջադրելու»,- ասաց Արամ Սիմոնյանը և հավելեց, որ Համալսարանում այդ մասին չեն էլ մտածում. նման լուրերը միայն մամուլում են շրջանառվում: