ԱՄՆ-ը Ռուսաստանին Հարավային Կովկասում «քարտ-բլանշ» է տվել
Միացյալ Նահանգները տարածաշրջանում Ռուսաստանին «քարտ -բլանշ» են տվել, քանի որ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները ոչ մի կերպ չեն անդրադառնում ազգային անվտանգության ամերիկյան քաղաքականության վրա: Նման կարծիք է հայտնել Եվրոպական քաղաքագիտության կենտրոնի վերլուծաբան Ամանդա Փոլը 1news.az-ին տված հարցազրույցի ընթացքում:
«Անգամ եթե Ղարաբաղում նոր պատերազմ սկսվի, ապա Վաշինգթոնի կարծիքով, այն շատ փոքր ազդեցություն կունենա ԱՄՆ անվտանգության վրա», - նշել է վերլուծաբանը:
ԱՄՆ-ի կողմից շահագրգռվածության բացակայությունը պայմանավորված է մի շարք հարցերում Ռուսաստանի օժանդակության անհրաժեշտության փաստով:
«Սա հատկապես վերաբերում է Իրանի և Աֆղանստանի հարցերին, որոնք ԱՄՆ-ի համար այսօր ավելի կարևոր են»:
«Այսօր Հարավային Կովկասը Եվրոպայի ամենազինված տարածաշրջանն է և ռազմական ուժերի ավելացումը, լինի դա հայկական, ռուսական կամ ադրբեջանական, շատ վտանգավոր երևույթ է, ինչն Արևմուտքը չի ընկալում», - հայտարարել է Փոլը: