Սև կատուն գեղեցիկ է, ինչպես և դաշնակցական գաղափարախոսությունը
Հայտնի երգահան Ռուբեն Հախվերդյանը չի մասնակցել երեկ «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցած «Դաշնակցություն» կուսակցության հանրահավաքին` նվիրված Արցախի անկախության 19-ամյակին:
Այսօր լրագրողները փորձեցին պարզել` ճիշտ է արդյոք, որ երգչի և «Դաշնակցության» միջև սև կատու է անցել:
«Ես ուղղակի շատ հեռու եմ ապրում, Պռոշյան սովխոզ եմ ապրում, դրա համար չեմ մասնակցել: Թե չէ ես կմասնակցեի», - պատասխանեց երգիչը:
Նա չի հասկանում, թե ինչպես իր և «Դաշնակցության» միջև կարող է սև կատու անցնել, երբ որ «դաշնակցությունը գաղափարախոսություն է, ոչ թե կուսակցություն»:
«Ես կողմ եմ գաղափարախոսությանը, բայց որպես անհատ շատ տարաձայնություններ կարող եմ ունենալ այդ կուսակցության հետ», - ասաց Հախվերդյանը` հավելելով, որ սև կատուն շատ գեղեցիկ կենդանի է և երբեք չի կարող անցնել նրա և «դաշնակցական գաղափարների» միջև: