2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Թուրքիան շեղում է ուշադրությունը հարևանների հետ խնդիրներից. ICG

Միջազգային ճգնաժամային խումբը (ICG) երեկ Թուրքիային նվիրված զեկույց է հրապարակել, որում անդրադարձ է կատարել երկրի արտաքին քաղաքականությանը:

Զեկույցում հիմնականում անդրադարձ է կատարվում Իրանի և Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերություններին: Խոսելով արտաքին քաղաքականության վերջին զարգացումների մասին` ICG-ի մասնագետները նշում են, որ վերջին շրջանում Անկարայի կողմից հռչակած «զրո խնդիրներ հարևանների հետ» կարգախոսը կարելի է հարցականի տակ առնել:

«Հաճախ Անկարայի մեղքն արևմտյան գործընկերների հետ հարաբերություններում վերջին խնդիրների պարագայում ուռճացվում է, սակայն ակնհայտ է, որ կան խնդիրներ կառավարության ձևակերպումների և արտաքին քաղաքականության ներկայացնելու հետ կապված», - ասված է զեկույցում:

Զեկույցի հեղինակները նշում են, որ Անկարան «կարճատեսություն, տաքարյուն հռետորություն» է դրսևորում, ինչպես նաև ուշադրությունը շեղում է իր հարևանների հետ առկա խնդիրներից, ինչպես, օրինակ, Կիպրոսի հիմնահարցը, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, քրդական խնդրի հետ կապված լարվածության նվազեցումը և ԵՄ-ին ինտեգրվելու խնդրիները:

Փորձագետները վերլուծում են նաև վերջին շրջանում Իսրայելի և Թուրքիայի միջև առկա լարվածությունը, ինչպես նաև Թուրքիայի որոշումը ՄԱԿ-ում «դեմ» չքվեարկել Իրանի միջուկային ծրագրին:

ICG-ի մասնագետների կարծիքով` Անկարան ճիշտ կվարվի, եթե ավելի սերտ համագործակցություն հաստատի իր արևմտյան գործընկերների հետ` միայնակ առաջ գնալու փոխարեն:

«Անկարան չպետք է գերագնահատի իր կարևորությունը և հնարավորությունները, իսկ նրա արևմտյան գործընկերները պետք է ընդունեն Թուրքիայի կարևորությունը տարածաշրջանում և դրանից դուրս ու ավելի շատ ժամանակ տրամդրեն այդ երկրի հետ հանգիստ, կառուցողական և բարձր մակարդակով երկխոսություն վարելու համար», - նշված է զեկուցյում: