2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Սերժ Սարգսյանը դիլիջանյան համաժողովի քննարկումները դրական է գնահատել

Սերժ Սարգսյանն այսօր Դիլիջանում մասնակցել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի նախաձեռնությամբ անցկացվող «Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ և հնարավորություններ» միջազգային երկօրյա համաժողովի եզրափակիչ նիստին:

ՀՀ նախագահին են ներկայացվել Հայաստանի տնտեսության հետճգնաժամային զարգացման հեռանկարների ու հնարավորությունների, այդ ուղղությամբ կատարվելիք քայլերի մասին քննարկումների ամփոփ արդյունքները:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի համաժողովին մասնակցող բարձրաստիճան ներկայացուցիչներին նման կարևոր միջոցառման անցկացմանն աջակցելու համար: Հանրապետության ղեկավարը նշել է, որ ոլորտի միջազգային հեղինակավոր մասնագետների և նրանց հայաստանյան գործընկերների երկօրյա շահագրգիռ ու արդյունավետ քննարկումները դրական մեծ ազդեցություն կունենան, որպեսզի Հայաստանը կարողանա համաշխարհային տնտեսության հետճգնաժամային իրողություններին համահունչ զարգացում ապահովել:

Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել համաժողովի մասնակիցներին քննարկումների արդյունքում նախանշված նպատակները, դրանց իրագործման մոտեցումները հստակ ծրագրերի վերածելու և կյանքի կոչելու գործում: Հանրապետության ղեկավարը վստահեցրել է, որ ՀՀ իշխանությունները կանեն հնարավորը` դրանք ժամանակին և արդյունավետությամբ իրականացնելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: