«Հայկական ժամանակ». Ուրանի գործով ձերբակալվածը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի հայրն է
Գերհարստացված ուրանը ծայրահեղական խմբավորումներին վաճառելու փորձի համար Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացի Սմբատ Տոնոյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչ Սամվել Տոնոյանի հայրն է, տեղեկացնում է օրաթերթը:
Սամվել Տոնոյանը հանրությանը առավել հայտնի է Մարտի 1-ի քրեական գործի հետ կապված` որպես ՀՀ ՀՔԾ-ում ստեղծված հատուկ քննչական խմբի անդամ: Նա Մարտի 1-ի քննչական խմբում ընդգրկվել է ուշացումով` 2008-ի ապրիլի 30-ից: Սակայն ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ գործեր սարքող ՀՔԾ քննիչների շարքում աչքի է ընկել առանձնակի ջանասիրությամբ: Մասնավորապես, հենց նա է եղել քաղբանտարկյալներ Արա Հովհաննիսյանի և Գաբրիել Գաբրիելյանի նկատմամբ գործ սարքող քննիչը: Հովհաննիսյանը դատապարտվել է 9, իսկ Գաբրիելյանը` 7 տարվա ազատազրկման: Իսկ Մարտի 1-ի թալանչիներից շատերը, նույն Սամվել Տոնոյանի շնորհիվ, հիմնականում պայմանական ազատազրկման են դատապարտվել և անազատության մեջ հասցրել են մնալ մոտ երեք ամիս: