2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Լիբիայում քաղաքացիական պատերազմ է, իսկ Քադաֆիի որդու համար «ամեն ինչ կարգավորվում է»

Լիբիայի բոլոր օդանավակայաններն ու նավահանգիստները բաց են, երկրում առօրյա կյանքը կրկին սկսում է կարգավորվել:  Նման հայտարարությամբ է հանդես եկել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի ավագ որդիn` Սեյֆ ալ Իսլամը:

Բացի օդանավակայաններից և նավահանգիստներից, երկրում գործում են բենզալցակայանները, փոքր մթերային խանութներն ու փռերը: Ըստ Քադաֆի-կրտսերի` հինգշաբթի կվերաբացվեն նաև դպրոցները:

Միաժամանակ, Լիբիայում քաղաքացիական պատերազմ է ընթանում: Միակ քաղաքը, որը դեռևս կառավարության վերահսկողության տակ է մնում` մայրաքաղաք Տրիպոլին է:

Գործող ռեժիմի կողմնակիցներին հրահանգ է տրվել ոչնչացնել ընդդիմադիրներին, իսկ Քադաֆիի կարգադրությունները կատարլուց հրաժարվող սպաներին գնդակահարում են:

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Լիբիայի արևելյան հատվածը ընդդիմադիրների ձեռքերում է: Ցուցարարների մայրաքաղաքն է դարձել երկրի` մեծությամբ երկրորդ Բենղազի քաղաքը: Թոբրուք և Ալ-Բայդա քաղաքները նույնպես ընդդիմադիրների վերահսկողության տակ են գտնվում: Թոբրուքում և Բենղազիում տոնում են Քադաֆիի ռեժիմի թոթափումը: Հազարավոր մարդիկ հակակառավարական պաստառներով դուրս են եկել քաղաքների գլխավոր հրապարակներ: