«Սա չարիք է». Թանգարանում հարձակվել են «Երկու թաիթցի կանանց» վրա
Վաշինգտոնի Ազգային պատկերասրահի այցելուներից մեկը հարձակվել է Պոլ Գոգենի «Երկու թաիթցի կանայք» նկարի վրա, հաղորդում է The Washington Post-ը:
Կինը փորձել է պոկել նկարը` բացականչելով «սա չարիք է» և բռունցքներով հարվածելով նկարի պաշտպանիչ պլաստմասե էկրանին: Նրան «Գոգենից» հեռացրել է պատկերասրահի մեկ այլ այցելու: Կնոջը ձերբակալել են` մեղադրելով վերջինիս պատկերասրահի սեփականությանը վնաս հասցնելու և նկարը գողանալու փորձ կատարելու մեջ: Ձերբակալվածի անունը չի հաղորդվում:
Նախնական տվյալների համաձայն` կիսամերկ կանանց պատկերով նկարը չի տուժել, սակայն նկարն ուղարկել են կրկնակի փորձագիտական հետազոտության: «Երկու թաիթցի կանայք» նկարը պատկանում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանին: Այդ ժամանակ նկարը ներկայացված էր Վաշինգտոնում «Գոգեն. միթոսների ստեղծող» ցուցահանդեսին: