«Այդ դեպքում ես հարց ունեմ Ադրբեջանին». ռուսաստանցի փորձագետը` Գյումրիի ռազմակայանի մասին
Հայաստանում ռուսաստանյան զորքերի առկայությունը զսպող գործոն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են տարածաշրջանային հակամարտությունները լուծել ռազմական ճանապարհով: Եթե ՌԴ զինված ուժերը հեռանան, բախման հավանականությունը կտրուկ կմեծանա: Այս մասին 1news.az կայքի հետ հարցազրույցում հայտարարել է ռուսաստանցի լրագրող, քաղաքական հակամարտությունների փորձագետ Մաքսիմ Շևչենկոն:
Մեկնաբանելով Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը պետք է վերանայի Հարավային Կովկասում իր ներկայության ձևաչափը, Շևչենկոն նշել է.
«Այդ դեպքում ես հարց ունեմ Ադրբեջանին` որքանո՞վ է ճիշտ այն տեղեկատվությունը, որ Ադրբեջանը ռազմական համագործակցություն է իրականացնում այնպիսի պետությունների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Իսրայելը և Թուրքիան»:
Փորձագետի խոսքով` ռուսաստանյան ռազմակայաններն այս պահին գտնվում են Հայաստանում ոչ թե «ինչ-որ մեկի դեմ», այլ խաղաղության պահպանման ձևաչափի շրջանակներում: