Մեդվեդևը համաձայն չէ Մոսկվայում հնչեցված կարգախոսների հետ (ՖՈՏՈՇԱՐՔ)
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Facebook սոցիալական կայքի իր էջում կիրակի մեկնաբանել է Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած «Հանուն արդար ընտրությունների» բողոքի ակցիան` հայտարարելով, որ, ըստ Սահմանադրության, Ռուսաստանի քաղաքացիները խոսքի ազատ արտահայտման և հանրահավաքների իրավունք ունեն:
«Մարդիկ իրենց դիրքորոշումն արտահայտելու իրավունք ունեն, ինչն էլ երեկ արեցին: Լավ է, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում անցավ: Ես համաձայն չեմ ոչ կարգախոսների հետ, ոչ հանրահավաքի ժամանակ հնչեցված հայտարարությունների: Այդուհանդերձ, ես կարգադրել եմ ստուգել ընտրատեղամասերի հաղորդագրությունները` կապված ընտրությունների ժամանակ օրենսդրության պահպանման հետ»,- գրել է Մեդվեդևը:
Նշենք, որ դեկտեմբերի 10-ի հանրահավաքի օրը լուրեր տարածվեցին այն մասին, որ Դմիտրի Մեդվեդևը ցանկացել է ելույթ ունենալ հանրահավաքի մասնակիցների առջև, սակայն երկրի նախագահը այդպես էլ չհայտնվեց Բոլոտնայա հրապարակում:
«Ընդդեմ ՌԴ կեղծված խորհրդարանական ընտրությունների» բողոքի ակցիաներ տեղի են ունեցել ոչ միայն Մոսկվայում, այլև աշխարհի տարբեր երկրների խոշոր քաղաքներում, ինչպես, օրինակ, Լոնդոնում, Տորոնտոյում, Փարիզում, Պրահայում:








