2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Բնապահպանները այգում կանգնեցրին քաղաքապետի «արձանը», որը դարձավ «օլիգարխ» (թարմացված)

Մաշտոցի այգում կրպակների կառուցման դեմ պայքարող բնապահպանները, չնայած եղանակին, շարունակում են բողոքի ակցիան: Օրվա ընթացքում նրանց մոտենում էին բազմաթիվ մտահոգ քաղաքացիներ, ինչպես նաև հարակից շենքերի բնակիչները, ովքեր իրենց դժգոհությունն էին հայտնում ոստիկանների գործողությունների վերաբերյալ: Վերջիններս շրջափակել են կրպակները, և հնարավորություն չեն տալիս բնապահպաններին միջամտել շինարարների գործողություններին:

Բնապահպան ակտիվիստները զոդման աշխատանքների ժամանակ վանկարկում էին «Ամոթ զոդողներին», ինչը նյարդայնացնում էր շինարարներին, ովքեր պահանջում էին, որպեսզի իրենց թողնեն «հանգիստ աշխատել»:

Ակտիվիստներն էլ, իրենց հերթին, նշում էին, որ ոստիկանների և շինարարների գործողություններն ապօրինի են:

Երևանում տեղացող ձյան ուժգնացումը չստիպեց բողոքողներին հեռանալ այգուց: Երիտասարդները սկսեցին ձնեմարդ պատրաստել, նրա գլխին աղբաման դրեցին` հայտարարելով, որ դա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի արձանն է: Այնուհետև ակտիվիստները որոշեցին, որ ձնեմարդը խորհրդանշում է օլիգարխին, և համապատասխան գրություն փակցրեցին ձնեմարդի վրա:

Երիտասարդները նաև կիթառ են նվագում և մաքրում տարածքը: