2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Ոստիկանությունում «չենք ուզում» չի լինում». Ոստիկանն ակտիվիստին «մի քիչ թևանցուկ բրդել է»

Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործով անցնող վկա, Ոստիկանության կենտրոնի բաժնի քրեական հետախուզության աշխատակից Կարեն Հովսեփյանը (ներքևի լուսանկարում) այսօր դատարանում հայտարարել է, թե երբ է տեղի ունեցել միջադեպը չի հիշում, միայն հիշում է, որ շոգ էր:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով: Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին` Սահակ Մուրադյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս, Արեգ և Վահագն Գևորգյաններին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ է մնացել միայն Տիգրան Առաքելյանը: Ակտիվիստները նշել էին, որ ոստիկաններն իրենց ծեծի են ենթարկել թե Կարապի լճի մոտ, թե ոստիկանության բաժնում:

Գործով անցնող մեղադրյալ Արտակ Կարապետյանը հայտարարել էր, որ իրեն ոստիկանության բաժին տանելուց հետո իր աշխատասենյակում ծեծի է ենթարկել հենց Կարեն Հովսեփյանը:

Այսօր Կարեն Հովսեփյանը դատարանում ցուցմունք տալու ընթացքում հերքել է Կարապետյանին ծեծի ենթարկելու մասին հայտարարությունը:

Նա նշել է, որ միջադեպի օրը երիտասարդները բաժնում ոստիկաններին հայհոյել են և, ոստիկանի խոսքով, յոթն էլ միմյանց թևանցուկ ոգևորում էին, որ «օրենք խախտեն»:

Հովսեփյանը նշել է, որ երիտասարդները չէին անջատվում իրարից, որպեսզի առանձին սենյակներում նրանց բերման ենթարկելու վերաբերյալ արձանագրություններ կազմվեն:

Կրկին անդրադառնալով Կարապետյանի հայտարարությանը` Հովսեփյանը նշել է, որ երիտասարդ ակտիվիստին տարել է իր աշխատասենյակ «մի քիչ թևանցուկ բրդելով»:

Ոստիկանի խոսքով` աշխատասենյակում գտնվելու ժամանակ Կարապետյանը սկսել է բղավել, որպեսզի գրավի դրսում եղած իր ընկերների ուշադրությունը: Նրա ձայնը լսելով` աշխատասենյակ է մտել պետի օպեր գծով տեղակալներից մեկը, որից հետո նա Կարապետյանի հետ դուրս է եկել սենյակից:

Այնուամենայնիվ, Կարապետյանը պատմել է, որ իր` Հովսեփյանի սենյակում գտնվելու ընթացքում  ոստիկանը իրեն գցել է գետնին և խփել գլխին` ասելով. «Դեմքիս նայի, որ լավ հիշես»:

Հովսեփյանը կրկին անգամ նշել է, որ Կարապետյանին չի ծեծել, ինչպես նաև չի հայհոյել ակտիվիստներին, ինչպես դատարանում ասել է Սարգիս Գևորգյանը:

Փաստաբան Ստեփան Ոսկանյանը հետաքրքրվել է վկայից` ինչու Կարապետյանը չէր ցանկանում մտնել աշխատասենյակ և ինչու երիտասարդները չէին ուզում բաժանվել միմյանցից:

«Ոստիկանությունում «չենք ուզում» չի լինում, իսկ առանձնացնելը օրենքի պահանջն էր», - ասել է Հովսեփյանը:

Այսօրվա նիստի ընթացքում նաև հարցաքննվել է գործով անցնող վկա, Ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակից Էրիկ Պողոսյանը: Նա նշել է, որ երիտասարդներին բերելու ժամանակ ինքը եղել է իր աշխատասենյակում, և լսել է աղմուկ ու հահոյանքներ, բայց դուրս է եկել սենյակից միայն 30-40 րոպես անց` ինչ-որ գործով առաջին հարկ իջնելու համար:

Նրա խոսքով, երբ ինքը նկատել է, որ բաժնում Կոնգրեսի երիտասարդներն են, սեղմվել է  պատին, որպեսզի իրեն չնկատեն: Պողոսյանը դա բացատրել է նրանով, որ 2009-ին ինքը երիտասարդներին առնչվել է մեկ այլ միջադեպի ժամանակ և չի ցանկացել, որպեսզի ակտիվիստները իրեն տեսնեն և իրավիճակն էլ ավելի լարվի:

Սակայն, վկայի խոսքով, երիտասարդներն իրեն նկատել են և սկսել են սեռական բնույթի հայհոյանքներ տալ իր հասցեին: Վկան նշել է, որ երիտասարդներն իրենց կամքով են բարձրացել երկրորդ հարկ, և ոստիկանները նրանց նկատմամբ բռնություն չեն գործադրել:

Պողոսյանը չի տեսել նաև, որ երիտասարդները ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրած լինեն:

Այսօր հարցաքննված երկու վկաներն էլ հայտարարել են, որ թեև իրենք չեն տեսել, բայց լսել են, որ երիտասարդներն այդ օրը բաժնում համակարգիչ են փչացրել:

Հովսեփյանի խոսքով` նրանք պոկել են համակարգչի լարերը, իսկ Պողոսյանը լսել է, որ համակարգչի վրա ջուր են լցրել, ինչպես նաև սեղաններ ու աթոռներ են կոտրել:

Այսօրվա նիստը հետաձգվել է մեղադրյալներից Դավիթ Քիրամիջյանի վատառողջ լինելու պատճառով: Դատավոր Գագիկ Պողոսյանը Քիրամիջյանին խնդրել է խոստանալ, որ վերջինս դատարանից տուն կգնա թեյ խմելու, որպեսզի արագ ապաքինվի:

Հաջորդ դատական նիստը Պողոսյանը նշանակել է վաղը` ժամը 12.00-ին: