Սերժ Սարգսյանն ասել է՝ ինչպես պետությունը կարող է իրապես ժողովրդավարական դառնալ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Հուլիսի 5-ը մեր նոր պետականության կարևորագույն տոներից է, որով մենք մեր նվիրվածությունն ենք արտահայտում Հայաստանի Հանրապետության Հիմնական օրենքի մեջ ամրագրված արժեքներին ու իդեալներին: Մեր Սահմանադրության կարևոր առաքելությունը հասարակական համերաշխության ապահովումն է, որին չենք կարող հասնել առանց օրենքի գերակայության և սահմանադրական իրավունքների անվերապահ հարգման: Այստեղ պետք է խոստովանենք, որ ունենք խնդիրներ: Ակնհայտ է, որ Սահմանադրությամբ հռչակված ժողովրդավարական արժեքները, այդ թվում՝ անկախ որևէ հատկանիշից օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, առօրյա կյանքում պետք է անվերապահորեն դրվեն մեր հասարակության և պետության մեջ առկա հակասությունների լուծման հիմքում: Միայն քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ կապի մեջ պետությունը կարող է դառնալ իրապես ժողովրդավարական և կառուցել քաղաքակիրթ հասարակարգ, որում ազատությունը և հասարակական կարգը լիովին հավասարակշռված են: Հասարակական համերաշխության համար պատասխանատու ենք բոլորս, հասարակության բոլոր շերտերը, և բոլորիս պարտքն է համատեղ ջանքերով օր առաջ վերացնել հռչակված արժեքների և իրականության մեջ առկա խզումը: Այս ճանապարհին մեր ամենահուսալի հենարանը դարձյալ Սահմանադրությունն է՝ նրա տառն ու ոգին: Կրկին շնորհավորում եմ բոլորիս՝ այն հաստատ համոզմունքով, որ մեր Սահմանադրությունը դեռ ծառայելու է Հայաստանի քաղաքացիների բազում սերունդների՝ շարունակելով լինել մեր պետական, հասարակական, քաղաքական ու սոցիալական կյանքը կարգավորող ամենահեղինակավոր փաստաթուղթը»: