Աշոտյանը պատմել է՝ ինչպես են օգնելու անապահով ուսանողներին
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին է ներկայացրել կառավարության երկու որոշումներ:
Առաջինը վերաբերում էր Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատիորիա հիմանդրելու մասին համապատասխան որոշման նախագծին:
«Ծրագրով նախատեսվում է շուրջ 6,2 միլիոն դոլարի ներդրում Պոլիտեխնիկում (ՀՀ ճարտարագիտական համալսարան – խմբ.) 30-ից ավելի առանձին լաբորատորիաներ ստեղծելու համար: Աննախադեպ ծավալի ներդրում է մեր բուհական համակարգում: Անկախության բոլոր տարիներին, երբևէ նման ծավալի միանվագ գումար ենթակառուցվածքների զարգացման վրա, լաբորատորիաների վրա, չի դրվել», - ասել է Արմեն Աշոտյանը:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հնարավորություն է տալիս անապահով ընտանիքների ուսանողների համար լրացուցիչ հնարավորություններ՝ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար:
«Մեր վիճակագրական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ամենաաղքատ ընտանիքներից ուսանողների ներգրավումը բուհեր շուրջ վեց անգամ ավելի ցածր է, քան ամենահարուստ ընտանքիներից, և ակնհայտ է դառանում, որ սոցիալական խնդիրները ստեղծում են մեր ուսանողների, մեր անահտների համար անհավասար մեկնարկային պայմաններ կյանքում և սահմանափակում են անապահով ընտանքիներից լավ սովորող ուսանողների կրթություն ստանալու հնարավորությունը», - ասել է նախարարը:
Աշոտյանը տեղեկացրել է, որ այս որոշման շնորհիվ համապատասխան սոցիալական կարիքների գնահատման հիման վրա, վերոնշյալ ուսանողներին կտրամադրվի ուսման վարձի փոխհատուցում՝ 50 տոկոսից նվազագույն չափով, իսկ առավելագույն չափը կկազմի 100 տոկոս:
Համակարգը սկսել է գործել 2013 թվականի սեպտեմբերի 1-ից: Հաջորդ տարի համակարգում, նախարարի կանխատեսումներով, ընդգրկված կլինեն 1000 ուսանողներ, որոնք հնարավորություն կստանան կրթությունը շարունակել՝ առանց մտահոգվելու իր ընտանիքի սոցիալական խնդիրներով: 2015 թվականին, դարձյալ իրենց կանխատեսումներով, շահառուների թիվն այս համակարգի՝ կհասնի 2500 ուսանողի:
Լրագրողներից մեկը հարցրել է՝ արդյոք վերոնշյալ երկու որոշումները կապված չեն առաջիկա նախագահական ընտրությունների հետ:
Ի պատասխան՝ նախարարը նշել է, որ տվյալ երկու խոստումները ներառված են ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում, իսկ կառավարության ծրագիրը նույնպես ստեղծվել և մշակվել է՝ ելնելով բոլոր քաղաքական ուժերի ծրագրերում ընդգրկված դրույթներից:
Նախարարը նշել է, որ կառավարության գործողությունների ծրագիրը հնգամյա է՝ 2012-2017 թվականների համար է, և բնական համարել, որ հինգ տարվա ընթացքում այս մոտեցումները պետք է կյանքի կոչվեն, բայց ոչ թե կառավարության կազմավորումից հետո երեք ամիսների ընթացքում: Այդուհանդերձ Աշոտյանը չի բացառել, որ խնդիրների լուծման մի մասը գուցե համընկնի նախագահական ընտրությունների հետ: