Երաժշտական երեկո Երևանում. երգիչը չի ցանկանում, որ Կոմիտասը դառնա «թանգարանային արժեք»
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Նվիրվում է Կոմիտասին» գրական-երաժշտական երեկոն, որի ընթացքում կհնչեն Կոմիտասի աշխարհիկ ու հոգևոր երգերը: Երեկոյի բացումը կազդարարի Արմեն սարկավագ Սահակյանը, գրական մասը կապահովի Խորեն Լևոնյանը, կոմիտասյան երգերը կկատարի Արտակ Ալավերդյանը՝ Կատարինե Հովսեփյանի նվագակցությամբ: Համերգի մուտքն ազատ է, հայտնում են կազմակերպիչները:
Արտակ Ալավերդյանի համոզմամբ՝ Կոմիտասին պետք է նվիրվել, պետք է կատարել նրա գործերը, որպեսզի նա չդառնա «թանգարանային արժեք»:
Արտակ Ալավերդյանը երգել է մանկուց, սակայն երգարվեստով լրջորեն սկսել է զբաղվել 24 տարեկանից: Մինչ Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիա ընդունվելը Արտակ Ալավերդյանը ստացել է քաղաքագետի կրթություն, ունի տնտեսագիտության թեկնածուի կոչում: Ներկայում սովորում է ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի մոտ: Երաժիշտն իր ապագան տեսնում է օպերային արվեստում: