2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Երևանը հետաքրքիր է նաև եգիպտացի զբոսաշրջիկների համար

Երևանի քաղաքապետարան աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության խոշորագույն «Լաքի Տուրս» տուրիստական ընկերության ներկայացուցիչների հետ։ Գևորգյանը հյուրերին ներկայացրել է քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը տուրիզմի ոլորտում, մասնավորապես, առանձնացվել են Երևանն աշխարհին առավել ճանաչելի, ընկալելի ու գրավիչ դարձնելուն ուղղված քաղաքապետարանի  կողմից  իրականացված միջոցառումներն ու ծրագրերը:

Եգիպտական կողմը նշել է, որ Երևանը կարող է հետաքրքիր լինել հատկապես մշակութային ժառանգության տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետը հյուրերին ներկայացրել է Երևան քաղաքի զբոսաշրջության առումով ներուժը՝ նշելով, որ  զբոսաշրջության զարգացման հիմնական ուղղությունը  պատմամաշակութային զբոսաշրջությունն է: Տուրերի ընթացքում զբոսաշրջիկին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու Երևանի մշակութային ժառանգությանը, տեսարժան վայրերին,  հակական ինքնատիպ խոհանոցին և այլն։ Հյուրերին ներկայացվել է նաև իր տեսակի մեջ տարածաշրջանում միակ «Երևան Սիթի Տուր»  քաղաքային զբոսաշրջային երթուղին:

Գործընկերային հարաբերություններն առավել առարկայական դարձնելու նպատակով, կողմերը պայամանավորվել են հետագա համագործակցության  ուղղությամբ, հայտնում են Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: