Սիրիայում ձերբակալված հալեպահայ ռեժիսորը դեռևս հարցաքննվում է
Սիրիայի պետանվտանգության գրասենյակի կողմից ձերբակալված հալեպահայ ռեժիսոր Ավո Գաբրիելյանն ու ազգությամբ ոչ հայ նրա ընկերները դեռևս հարցաքննվում են: Նրանք անվտանգության ուժերի կողմից ձերբակալվել են նոյեմբերի 7-ին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Ազգային առաջնորդարանի Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռեիսյանը: Նրա խոսքով՝ առաջիկա օրերին կավարտվի հետաքննությունը, ինչից հետո արդեն պարզ կդառնա ռեժիսորի հետագա ճակատագիրը:
Ռեիսյանի տվյալներով՝ Պետանվտանգության ուժերի գրասենյակը հալեպահայ ռեժիսորին ու նրան երկու ընկերներին մեղադրում է ոչ արտոնագրված գործունեության համար: Ռեիսյանը նշում է, որ նրանք օժանդակում էին բարեգործական քրիստոնեական մի կազմակերպության:
«Այս դեպքերի ընթացքում բարեսիրական աշխատանքներ են տանում՝ այլ երկրներից դրամ էին հավաքում մարդկանց օգնելու համար։ Օրենքի խախտում ասելով՝ հավանաբար առանց արտոնության միջոցում են ձեռնարկել, միայն այսքանը», - մեկնաբանել է Ռեիսյանը։
Ինչպես հայկական համայնքը, այնպես էլ քրիստոնեական այդ կազմակերպությունը դիմել են Պետանվտանգության գրասենյակին՝ խնդրելով ազատ արձակել երիտասարդներին, սակայն մերժում են ստացել:
Ռեիսյանը նաև փոխանցել է, որ լուր չունեն հոկտեմբերի 25-ին պատանդառված հայերի ճակատագրից: Բեյրութից Հալեպ ուղևորվող ավտոբուսի ուղևորներից 10-ը գերի էին վերցվել։ Նրանցից 7-ը ազգությամբ հայեր են: Մոտ երկու շաբաթ առաջ նրանցից երկուսը` հայր և որդի Բաշար և Ջորջ Ռաբաթները, ազատ են արձակվել դեռևս երկու շաբաթ առաջ: Ըստ որոշ ոչ պաշտոնական աղբյուրների` Սիրիական բանակը բանակցություններ է վարում ընդդիմության հետ` պատանդառված քաղաքացիներին հետ վերադարձնելու ուղղությամբ:
Հալեպում, ինչպես նշում է Ռեիսյանը, վերջին օրերին համեմատաբար խաղաղ վիճակ է, թեև ամեն օր էլ կան կրակոցներ ու պայթյուններ, իսկ երեկ դիպուկահարի կրակոցից հայաշատ Նոր Գյուղ թաղամասում վիրավորվել է ազգությամբ հայ մի կին, ով հիմա գտնվում է հիվանդանոցում: Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Հալեպում թաղամասեր կան, որ քարուքանդ են. վնասված են նաև հայկական համայնքին պատկանող շատ կառույցներ, որոնց վնասի ծավալները դեռևս ճշտվում են: Լուծման կարիք ունեն տնտեսական հարցերը: Շատ հալեպահայեր չեն աշխատում, ինչի հետևանքով դժվարություններ ունեն սննդի ձեռքբերման հարցում: Ռեիսյանը նշում է, որ վերջին օրերին առավել լարված է վիճակը Քեսապ քաղաքի շրջակայքում, որտեղ ևս հայեր են բնակվում:
Սիրիայում շուրջ 20 ամիս շարունակվող բախումների հետևանքով զոհվել է 37 հազարից ավելի մարդ, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր: