2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Յուրաքանչյուրը փորձում է համոզել դիմացինին, որ միասնական թեկնածուն կարող է լինել իրենց թեկնածուն. Սաֆարյան

Քաղաքական ուժերից յուրաքանչյուրը փորձում է համոզել մյուսին, որ միասնական թեկնածու ունենալու շուրջ համաձայնության դեպքում, այդ թեկնածուն իր կուսակցությունից պետք է լինի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանը՝ խոսելով ընդդիմության՝ միասնական թեկնածու ունենալու հավանականության մասին:

Ըստ Սաֆարյանի՝ առայժմ յուրաքանչյուրը փորձում է իր թեկնածուին դարձնել միասնական թեկնածու, դեռևս տեսանելի չէ՝ արդյոք իրենց առաջնորդի թեկնածու չլինելու դեպքում հնարավոր է փոխզիջումներ և պաշտպանություն մյուս կուսակցության թեկնածուի:

«Ավելի շատ նկատելի է, որ յուրաքանչյուրը փորձում է  համոզել դիմացինին, որ միասնական թեկնածուն կարող է լինել իրենց թեկնածուն», - ասել է Սաֆարյանն ու հավելել, որ միասնական թեկնածուն կարող է դրական կողմեր ունենալ:

Անդրադառնալով երեկ Ազգային ժողովում ՀԱԿ-ի նախաձեռնած արտահերթ նիստի տապալմանը՝ Սաֆարյանը կարծիք է հայտնել, որ Հանրապետական կուսակցությունը պետք է մասնակցեր նիստին, հակափաստարկներ բերեր, ոչ թե բացակայությամբ իր դիրքորոշումն արտահարտեր: