2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Կադրային ջարդ ոստիկանությունում. պատճառը Սերժ Սարգսյանի դիմանկարնե՞րն են

Երեկ Երևանի Կենտրոնի ոստիկանությունում իսկական կադրային ջարդ է տեղի ունեցել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Ինչպես թերթի թղթակցին հայտնել են ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով՝ ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանը, բաժնի անձնակազմի գծով տեղակալ Արթուր Կարապետյանը և ոստիկանության Երևանի վարչության կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի պետ Տիգրան Մուրադյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից և ուղարկվել կադրերի ռեզերվ: Թերթին նաև հայտնի է դարձել, որ Կենտրոնի բաժնի պետի՝ ծառայության գծով տեղակալ Վարդան Գևորգյանը նույնպես ազատվել է պաշտոնից և տեղափոխվել ոստիկանության Արաբկիրի բաժանմունք: Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ է նշանակվել Սերոբ Հարությունյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը: Երեկվա դրությամբ ոստիկանությունը կադրային փոփոխությունների պաշտոնական հիմնավորումներ չի ներկայացրել:

«Հայկական ժամանակ»-ը նշում է, որ փոփոխությունները տեղի են ունեցել երեկ քաղաքի փողոցներում հայտնված Սերժ Սարգսյանի դիմանկարների պատճառով: