2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

ԱԺ-ում պահանջել են շրջանառությունից հանել պատմության սկանդալային դասագիրքը

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում պահանջել է անհապաղ շրջանառությունից հանել ԵՊՀ-ի կողմից հրատարակված Հայոց պատմություն դասագիրքը, որում տեղ են գտել 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների մասին պատմող նյութեր:

Լյուդմիլա Սարգսյանը կոչ է արել մարտի 1-ի իրադարձություններին անդրադառնալ առնվազն տասը տարի հետո: Այդ դեպքում, պատգամավորի կարծիքով, դա իսկապես կլինի պատմություն, և ոչ թե քաղաքական շահարկումների առարկա:

«Ամոթալի այս կեղծիքների հեղինակը գործող ռեժիմն է՝ իր ղեկավար՝ ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այս անհեթեթության բոլոր համահեղինակներն անկասկած ստանալու են իրենց արժանի գնահատականը, ստանալու են հասարակությունից, իրենց ուսանողներից, իրենց զավակներից: Բայց հարցը շատ ավելի խորն է, քան ընդամենը նորագույն պատմության դասագրքում  տեղ գտած աղաղակող կեղծիքները: Հուշագրված դասագրքում, մասնավորապես, 2008-ի նախագահական ընտրությանը հաջորդած շուրջօրյա խաղաղ հանրահավաքները գնահատվում են ապօրինի, թեև ոչ մի ընդդիմադիր չի մեղադրվել ու դատապարտվել այս հոդվածով: Ընդդիմությունը մեղադրվում է խանութներ թալանելու, մեքենաներ հրկիզելու մեջ, մինչդեռ ընդդիմությունից ոչ մեկը դրա համար չի դատապարտվել: Եվ ո՞ւր է  տանում մեզ այս ռեժիմը: Մարդիկ, ովքեր ներգրավված են այս կեղծիքների մեջ, ակամա փաստում են իրենց և գործող ռեժիմի լիակատար վերջնական ձախողման մասին», - ասել է Լյուդմիլա Սարգսյանը:

Նա նշել է, որ «վաղը նույն թուրք-ադրբեջանական քարոզչությունը վերը նշվածը մատուցելու է որպես անհերքելի ապացույց, թե ինչպես են հայերը կարողանում կեղծել պատմական փաստերը»:

«Հայոց պատմության և հայկական մշակույթի այսօրինակ ակնհայտ կեղծումը մեզ համար արդեն ինքնության պահպանման խնդիր է դառնում», - ասել է Սարգսյանը: