2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Սերժ Սարգսյանին նամակ են գրել Անժելա Սարգսյանի նկարները տարածողի մասին

«Պահանջում ենք արդար դատավարություն Կարեն Արայանի նկատմամբ» քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակի հեղինակներն իրենց դժգոհությունն են հայտում դատարանի վճռից, որով Կարեն Արայանը մեղադրվել է դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի լուսանկարները տարածելու մեջ և դատապարտվել 1 տարվա ազատազրկման:

Չնայած ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից վերջնական դատական ակտը դեռևս չի կայացվել, այդուհանդերձ, նախաձեռնության անդամները համոզված են, որ Հայաստանում դատական  համակարգը կաշկանդված է ինչ-որ անձանց կամայական որոշումներից, ինչի մասին, ըստ նամակի, վկայում է ինչպես  նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքը:

«Ի թիվս այդ խախտումների, դատարանի կողմից Կարեն Արայանին մեղադրության մասին հետևությունները հիմնվել են շահագռգիռ անձանց  ցուցմունքների, ենթադրությունների և կեղծ տեղեկությունների հիման վրա, իսկ ինչպես օրենսդիրն է պահանջել, մեղադրանքն  ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն  կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ ամբաստանյալի:

Հիմա, երբ այս ամենը ի մի ենք բերում, համոզվում ենք, որ մեր պետությունը վեր է ածվում բռնատիրական պետության, որտեղ արդարությունը տեղ չունի: Իսկ դատավորները չհասկացան, որ իրենց ուղղակի փչացնում են  ինչ-որ դրդապատճառներից ելնելով` ստորադասելով դատավորի պատիվն ու արժանապատվությունը, քանի որ կայացնելով ապօրինի  դատական ակտ, ընդունում են այդ խաղի կանոնները: Մենք հասկանում ենք, որ  դուք ի պաշտոնե իրավասու չեք միջամտելու արդարադատության իրականացմանը, քանի որ քրեական գործով  դեռևս Վերաքննիչ քրեական դատարանը  վերջնական դատական ակտ չի կայացրել, և նման պատճառաբանությամբ կարող եք անհետևանք թողնել մեր դիմումը: Այնուամենայնիվ, մենք պարտավորված ենք  արդարադատոթյան  շահերից ելնելով և հանդես գալով  որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իրազեկելու Կարեն Արայանի նկատմամբ թույլ տրված օրենսդիրի և մասնավորապես ՀՀ Սահմանադրության  պահանջների կոպիտ խախտումները, իսկ ՀՀ Վերաքննիչ Քրեական դատարանին կոչ անելու կայացնելու արդար դատավճիռ օրենքների պահանջների պահպանմամբ և ապացուցելու, որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս գոյություն ունի արդարությունը, քանի որ արդարությունը առանց ուժի անօգնական է, իսկ ուժն առանց արդարության բռնակալ», - մասնավորապես, գրում են նամակի հեղինակները:

Վերջիններս Սերժ Սարգսյանին խնդրում են հաշվի առնել, որ Կարեն Արայանի նկատմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից թույլ են տրվել առերևույթ դատական սխալներ, իսկ քրեական հետապնդման մարմնի կողմից` ապօրինություն, որը կոծկվել է դատարանների կողմից և կայացվել է ապօրինի դատական ակտ: