2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Ազատության հրապարակում փորձել են արգելել ֆիլմի ցուցադրությունը. օգնել են բանակցությունները

Այսօր Ազատության հրապարակում միջադեպ է գրանցվել քաղաքացիական ակտիվիստների և ոստիկանների միջև, որոնք փորձել են արգելել ակտիվիստների նախաձեռնած ֆիլմի ցուցադրությունը:

“Berkeley in the 60s”՝ ուսանողական շարժման մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը պետք է Երևանի Ազատության հրապարակում կայանար ժամը 20.00-ին , սակայն ցուցադրությունից 20 րոպե առաջ հրապարակ է ժամանել Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչ Գագիկ Բագդասարյանը, ով ակտիվիստներին հորդորել է ֆիլմի ցուցադրությունը կազմակերպել Օպերայի շենքի միջանցքում:

Ցուցադրության կազմակերպիչները քվեարկություն են կազմակերպել, որի արդյունքում որոշվել է առաջարկը մերժել: Ակտիվիստ Արմեն Ալեքսանյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ցուցադրման վայրի ընտրությունն էական է և Ազատության հրապարակը պատահական չէ ընտրված, քանի որ իրենք նպատակ ունեն կարևորել հանրային տարածքի օգտագործման հնարավորությունը: Ակտիվիստի խոսքով՝ եթե իրենք ցանկություն ունենային պարզապես ֆիլմը դիտել, դա կանեին յուրաքանչյուր այլ վայրում:

Ազատության հրապարակ եկած ոստիկանները թույլ չեն տվել միացնել պռոյեկտորը և սկսել ֆիլմի ցուցադրությունը՝ բացատրելով դա նրանով, որ հրապարակում կարող է հավաքվել 300-ից ավել մարդ, իսկ դա օրենքով արգելված է: Ակտիվիստների և ոստիկանների բանակցությունից հետո ֆիլմը, այնուամենայնիվ, ուշացումով սկսել են ցուցադրել:

Epress.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ հրապարակում հավաքված է մոտ 100 մարդ: