2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

«Ռեալը» սպասելի հաղթանակ է տանում. Թերիմը դժգոհ է մրցավարությունից

Ապրիլի 3-ին Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» 3:0 հաշվով սեփական հարկի տակ պարտության մատնեց թուրքական «Գալաթասարային» և, փաստորեն, լուծեց կիսաեզրափակիչ դուրս գալու խնդիրը:

Առաջին խաղակեսում հյուրերը նույնիսկ տարածքային ու խաղային առավելություն ունեին, սակայն մադրիդցիների անհատական բարձր վարպետությունը հնարավարություն տվեց 2 գոլ հեղինակել 9-րդ և 29-րդ րոպեներին: Առաջին դեպքում Մեսուտ Օզիլի հիանալի փոխանցումն օգտագործեց Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ երկրորդ դրվագում տուգանային հրապարակում ավելի արագ կողմնորոշվեց Կարիմ Բենզեման՝ գնդակն ուղարկելով Ֆերնանդո Մուսլեռայի պաշտպանած դարպասի մոտ անկյունը:

Հարձակման գծում «Գալաթասարայը» հիմնականում իր խաղը կառուցում էր Դիդյե Դրոգբայի շուրջ, ով կարողանում էր խնդիրներ ստեղծել մրցակցի պաշտպանության համար: Դրոգբայի վտանգավոր հարվածներից մեկը հետ մղեց դարպասապահ Դիեգո Լոպեսը, ևս մեկ դրվագում հարձակվողն ազատվեց Ռաֆայել Վարանի հսկողությունից, սակայն լավ դիրքից բարձր հարվածեց: Խաղակեսի վերջում Դրոգբան գերազանց փոխանցումով հարվածի դուրս բերեց Էմանուել Էբուեին, բայց վերջինս հարմար դիրքից վրիպեց:

Երկրորդ խաղակեսում «Ռեալն» էլ ավելի չորացրեց խաղը, և «Գալաթասարայը» այլևս չկարողացավ խնդիրներ ստեղծել մրցակցի համար: Մադրիդցիները ևս մեկ անգամ հաջողության հասան 73-րդ րոպեին, երբ Չավի Ալոնսոն տուգանայինն իրացնելիս գնդակն ուղարկեց Գոնսալո Իգուաինին, ով գլխի հարվածով այն ուղարկեց մրցակցի դարպասը:

Խաղից հետո նորվեգացի մրցավար Սվեյն Օդվար Մոենից դժգոհ էր «Գալաթասարայի» մարզիչ Ֆաթիհ Թերիմը: Երկրորդ խաղակեսի դրվագներից մեկում Մոենը, իրոք, կոպիտ սխալ գործեց՝ 11-մետրանոց նշանակելու փոխարեն սիմուլյացիայի համար դեղին քարտ ցույց տալով հյուրերի հարձակվող Բուրաք Յիլմազին: Կրկնապատկերին հստակ երևաց, որ Սերխիո Ռամոսը կանգնում է Բուրաքի ոտքին, բայց ոչ մրցավարը, ոչ էլ նրա լրացուցիչ օգնականը, ով դրվագին մոտ էր կանգնած, չտեսան խախտումը:

Ամեն դեպքում, թիմերի միջև կայացած առաջին խաղը ցույց տվեց, որ «Ռեալը» մի քանի անգամ բարձր է կարգով, և այսօր թուրքական ակումբը մադրիդցիներին հաղթելու ներուժ չունի:

Օրվա մյուս խաղում իսպանական «Մալագան» սեփական հարկի տակ 0:0 խաղաց Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Այս հակամարտության ելքը կորոշվի Գերմանիայում: