2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Գազի գնի շուրջ քննարկումը տապալվեց. չինովնիկը վիճեց ակտիվիստների հետ (ՎԻԴԵՈ)

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախաձեռնած՝ գազի գնի թանկացման շուրջ քննարկումը սկսել է վիճաբանությամբ:

Քննարկմանը հրավիրված քաղաքացիական ակտիվիստները, որոնք վերջին շաբաթվա ընթացքում ակցիաներ են կազմակերպել գազի գնի թանկացման դեմ, դժգոհել են, որ տրամադրված սենյակը չափազանց փոքր և նման պայմաններում հնարավոր չէ աշխատել:

Հանձնաժողովի շենքում տրամադրված սենյակում գրեթե շարժվելու տեղ չի եղել, բացակայել են լրագրողների աշխատանքի համար նախատեսված տարրական պայմաններ: Ակտիվիստներն իրենց դժգոհությունն են հայտնել Հանձնաժողովի նախագահի տեղակալ Շիրազ Կիրակոսյանին՝ նշելով, որ նման սենյակ միտումնավոր են ընտրել՝ արդյունավետ քննարկում թույլ չտալու համար: Նրանք առաջարկել են տեղափոխել քննարկման օրը և այն անցկացնել նորմալ պայմաններում և մեծ դահլիճում: Ըստ ակտիվիստների՝ այդ դեպքում քննարկմանը կկարողանան մասնակցել մեծ թվով մարդիկ՝ տնտեսագետներ, ակտիվիստներ, ովքեր հարցի շուրջ իրենց տեսակետը կներկայացնեն:

Ակտիվիստների բողոքից հետո ընդմիջում է հայտարարվել, ապա նրանց է դիմել Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ առաջարկելով աշխատանքային խմբեր ստեղծել և քննարկումները տարբեր օրերի անցկացնել:

Ռոբերտ Նազարյան

«Կամ դուք դիտմաբ խուսափում եք հանրային լսումներ կազմակերպելուց, նույնիսկ միկրոֆոն չեք ապահովել, որպեսզի ստիպված չլինենք գոռալով խոսել, բնական չէ՞, որ այս պայմաններում հնարավոր չէ աշխատել», - դիմելով Նազարյանին ասել է  ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը, ինչին ի պատասխան հանձնաժողովի նախագահը ասել է, թե ինքը բոլորովին հակառակ կարծիքի է:

Նազարյանը  փորձել է հավաքվածներին վստահեցնել, թե դահլիճի մեծությունը միևնույն է՝ չի բավարարելու մասնակիցներին, սակայն ներկաները հակառակն են պնդել:

«Ես առաջարկում եմ միասին բարձրանանք մեր մյուս՝ 70 տեղանոց դահլիճը, այնտեղ շարունակենք քննարկումը», - առաջարկել է Նազարյանը, ինչը ավելի է բորբոքել հավաքվածների զայրույթը:

Իրավաբան Մերի Խաչատրյանն էլ առաջարկել է քննարկումը շարունակել պատշաճ վայրում՝ պնդելով, որ քննարկմանը մասնակցել ցանկացողների մի մասը դրսում է, ինչը հաստատել են նաև ներկաները: Հավաքվածները Նազարյանին առաջարկել են մոտ 200 տեղանոց դահլիճ գտնել:

«Ինչո՞ւ մենք չենք կարող գնալ լուրջ, մարդավարի քննարկումների, ինչն է մեզ խանգարո՞ւմ: Վերցնենք ասենք «Էրեբունի պլազայի», «Կառավարության նիստերի» դահլիճը, - բորբոքված ասել է Սադոյանը, սակայն Նազարյանը պնդել է բարձրանալ մյուս դահլիճ, որտեղ պայմաններն ավելի լավ են ու նաև առաջարկել  է թույլ տալ ԶԼՄ-ներին մի քանի րոպե նկարահանել, այնուհետ ազատել  դահլիճը:

«Ոչ, կամերան պետք է ֆիքսի, լրագրողը աչքերով չի նկարելու: Մենք նկարելու ենք ու պետք է ֆիքսենք այն ամենը՝ ինչ կատարվում է այստեղ», - հակադարձել է լրագրող Թեհմինե Ենոքյանը:

Ներկաները պնդել են, որ բոլորն առաջարկում են նոր դահլիճ վերցնել, իսկ Նազարյանը պատասխանել է՝ «ոչ, նոր դահլիճ չենք վերցնելու, ինչ պայմաններ ունենք, այդ պայմաններում էլ շարունակելու ենք»:

Ակտիվիստներից մեկն էլ փորձել է պարզել, թե ինչ պատճառով է Նազարյանը հրաժարվում այլ դահլիճից, ինչին վերջինս պատասխանել է՝«Ես չեմ ուզում շոուի մասնակից դառնալ»:

Ակտիվիստներին զայրացրել է «շոու» որակումը ու նրանք սկսել են հակադարձել, թե հանրային լսումը շոու անվանել չի կարելի:

«Պարոն Նազարյան, ձեր ասածն այն է, որ դուք շոու եք կազմակերպել, մենք էլ ձեր հանդիսատեսն ենք, դուք ձեր աշխատանքը շոու եք որակում: Սա կարող է ձեր համար շոու է, իսկ մենք վաղը գազի վարձ ենք մուծելու», - ասել է ակտիվիստներից մեկը:

Նազարյանը նշել է, թե ավարտում է նիստը և հետագա գործողությունների ու ասելիքների մասին կտեղեկացնի իրենց ինտերնետային կայքի միջոցով, ինչից հետո հնձնաժողովը հեռացել է: