2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Անհատականությունն ու կեղծ արժեհամակարգը. «Մեկ կադր»-ը խրախուսում է սկսնակ կինոգործիչներին

Նրանք, ովքեր հետևում են Հայաստանի կինոաարվեստին, կարող են վկայել, որ արվեստագետները համատարած ապատիայի մեջ չեն և ոլորտում որոշ շարժ կա: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Մեկ կադր» կարճ ֆիլմերի փառատոնի կազմակերպիչ Գագիկ Ղազարէն:

Վերջինիս խոսքով՝ փառատոնի առանձնահատկությունն այն է, որ մասնակիցների համար չկան նկարահանման տեխնիկայի, կրիչի սահմանափակումներ:

«Կարճ ֆիլմերը կինոարվեստով զբաղվելու առաջին շեմն են: Մենք մեզ վրա վերցրել ենք մասնագիտական գործունեությունը սկսող կինոգործիչներին օգնելու, խրախուսելու գործառույթը»,- հավելել է Ղազարէն:

Փառատոնի «Մեկ կադր-մեկ րոպե» անվանակարգի ժուրիի անդամ, թատերագետ Տիգրան Մարտիրոսյանի գնահատմամբ՝ ներկայացված ֆիլմերից դատելով հեղինակներն իրենց գաղափարը ոչ ամբողջական մտքի վերածելու խնդիր ունեն:

Երկրորդ հարցը, Մարտիորսյանի խոսքով, այն է, որ հեղինակներն ունեն կերպար ստեղծելու խնդիր, արդյունքում կերպարը կեղծ է ստացվում: Ըստ թատերագետի՝ այս իրավիճակը կինոյում նաև բացատրվում է այն կեղծ արժեհամակարգով, որում ապրում ենք բոլորս, այդ թվում նաև արվեստագետները:

Epress.am-ը զրուցել է նաև փառատոնի մասնակիցներից մեկի՝ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի նախագահ Էդգար Խաչատրյանի հետ: Նա բացատրել է, որ  որոշել է մասնակցել հենց «Մեկ կադր»-ին, քանի որ, իր կարծիքով, տվյալ փառատոնում կարևորվում է անհատականությունը, ինչպես նաև քաղաքացու դերը հասարակության մեջ:

«Իմ համար ֆիլմը ևս մեկ ստեղծագործական միջոց է վերհանելու հասարակական խնդիրները,  խրախուսելու քաղաքացիական ակտիվությունը,  մերժելու անտարբերությունը», - ասել է Խաչատրյանը:

Նա փառատոնին ցուցադրել է իր ՀԿ-ի ֆիլմերն ու անիմացիաները բանակում մարդու իրավունքների խնդրի,ինչպես նաև անապահով պայմաններում ապրող մարդկանց մասին:

«Մեկ կադր» կարճ ֆիլմերի 11-րդ փառատոնը բացվել է Նորարար փորձառարական արվեստի կենտրոնում հունիսի 2-ին՝ Գրիգոր Մելիք-Ավագյանի 1966 թվականի արտադրության «Քայլերգ» ֆիլմով:

Փառատոնին մասնակցում են ֆիլմեր 50-ից ավելի երկրներից:  Փառատոնի շրջանակներում անցկացվել կամ անցկացվելու են նաև վարպետության դասեր Արմեն Ռոնովի, Էդգար Բաղդասարյանի, Նաիրա Մուրադյանի կողմից:

Փառատոնի գործընկերներն են Բրիտանական խորհուրդը, Մագմարթ Վիդեե փառատոնը Իտալիայից, Պռոմո Ֆեսթը՝ Իսպանիայից, Ազիլ հիմնադրամը՝ Սլովակիայից: