Կնոջ վրա հարձակված արջը ՍԴ նախագահինը չէ, պնդում է նրա հետ մտերիմ գյուղապետը
Оրերս Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի՝ Կոտայքի մարզի իր հայրենի Գեղաշեն գյուղի առանձնատան տարածքից փախել է արջը, գրում է Lragir.am-ը՝ նշելով, որ այս տեղեկությունը խնամքով թաքցվել է, սակայն որոնողական լայն աշխատանքներ են տարվել, ընդհուպ ուղղաթիռներով:
Կայքի փոխանցմամբ՝ արջն օրերս հարձակվել է գյուղի վրա և վնասել մի քանի հոգու, որոնք տեղափոխվել են Աբովյան քաղաքի հիվանդանոց, վիրակապվել և շատ արագ «դուրս գրվել»: Արջը հարձակվել է մանկահասակ երեխայով մի կնոջ վրա, սակայն վերջինիս սկեսուրը կարողացել է փրկել հարսին՝ փայտով հարձակվելով արջին:
Գեղաշենի գյուղապետ Արմեն Հովհաննիսյանը News.am-ի հետ զրույցում հերքել է տեղեկությունները, թե արջը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանինն է և փախել է գյուղում գտնվող վերջինիս առանձնատնից:
«Այդպիսի արջ Գագիկ Հարությունյանը չունի, նա ընդամենը մի քանի մեղու է պահում: Գագիկ Հարությունյանը ոչ արջ տեսել է, ոչ էլ արջ է պահել»,- պնդել է ՍԴ նախագահի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող գյուղապետը:
Նա պատմել է, որ արջը եկել է հարևան Սևաբերդ գյուղ, այնտեղից երեկ առավոտյան իջել է հարևան Զառ գյուղ, բնակիչները տեսել են արջին, վերջինս փախել է Կամարիս գյուղի ուղղությամբ, գյուղապետին տեղյակ են պահել, զանգել են Արտակարգ իրավիճակների նախարարություն: ԱԻՆ-ից տարածքի գյուղերի ղեկավարներին զանգել և զգուշացրել են, որ արջ կա:
«Ընթացքում արջը եկել, հասել է գյուղի ներքևը` սկիզբը, մարդիկ անասուններին այդ ժամանակ հանել էին արոտի ժամանակ, կենդանի է, փախել, մտել է տների մեջ, խփել է չանչով մի կնոջ, տարել են հիվանդանոց, վիրակապ են արել, բերել տուն, այդ ընթացքում գյուղից որսորդներ եկել են, հրացանով խփել են արջին, վերջացել է»,- պատմել է գյուղապետը:
Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ դա վայրի արջ է եղել. «Մեր սարերը միշտ էլ արջ եղել է, ժողովուրդը, անասնապահները միշտ էլ տեսել են, մի քանի տարի առաջ էլ Կամարիս գյուղն էր մտել արջը, մարդկանց խփել,մեր սարերում միշտ էլ արջ կա և եղել է»:
Նշենք, որ վայրի կենդանիներ պահելը հայաստանցի քաղաքկան գործիչների և գործարարների համար սովորություն է դարձել: Մասնավորապես, անձնական «գազանանոցներ» ունեն ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը և ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանը:
Հենց նրանց անունների հետ էին կապում 4 տարի առաջ տեղի ունեցած միջադեպը, երբ համացանցում տարածվեց տեսանյութ, որում մի քանի տղամարդիկ երկու առյուծներով վանդակի մեջ են գցում իշուկի: