2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Նույնիսկ ռուսական ցարերն այդքան քմահաճ չէին․ Ռուսաստանի հետ կնքված պայմանագրերի մասին

Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում կոչ է արել դեմ քվեարկել Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնեմասի առքուվաճառքի համաձայնագրին, որով Հայաստանի կառավարությունն իր 20 տոկոսը հանձնում է «Գազպրոմին», ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված գազի և նավթի գնի մասին պայմանագրերին։ Փաստաթղթերը ստորագրվել են դեկտեմբերի 2-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը։

Արզումանյանը նշել է, որ նման հարցերը հատուկ ընթացակարգով քննարկել չի կարելի, քանի որ պատգամավորներին գործարքի մանրամասները հանձնում են քննարկմանը զուգահեռ:

Պատգամավորը նաև նշել է, որ համաձայնագիրը սահմանափակում է ոչ միայն ներկա իշխանության գործելու ազատությունը, այլև հետագա 30 տարիներում ընտրվելիք նախագահի, ԱԺ-ի ազատությունը, քանի որ, ինչ օրենք էլ ընդունվի, ըստ համաձայնագրի, այն չի կարող վերաբերել «Գազպրոմին»:

«Նույնիսկ ռուսական ցարերն այս աստիճան քմահաճ չեն եղել»,- ասել է Արզումանյանը:

Անդրադառնալով ՍԴ-ի որոշմանը, որով համարվել է, որ պայմանագիրը չի հակասում Սահմանադրությանը, Արզումանյանն ասել է, որ սա ՍԴ-ի առաջին որոշումը չէ, որից տպավորություն է ստեղծվում, թե դատարանը գիր կամ ղուշ խաղի միջոցով է որոշումը կայացրել։

Այդ որոշումը, ըստ Արզումանյանի, կապիտուլացիայի մասին ակտ է հիշեցնում: