2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Իրաքից եզդի փախստականներին ընդունելու հարցը Հայաստանի օրակարգում չէ․ փոխնախարար

Իրաքում իսլամիստ ծայրահեղականներից փրկվել ցանկացող եզդի ազգաբնակչությանը Հայաստանում ապաստան տալու հարցը «օրակարգում էլ չէ»: Այս մասին այսօր ԱԺ-ում Epress.am-ի հարցին ի պատասխան ասել է Արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասյանը:

Հիշեցնենք, որ փախստականներին ընդունելու, ՄԱԿ-ում Իրաքի եզդիների ցեղասպանության հարցը բարձրացնելու, եզդիներին հումանիտար օգնություն տրամադրելու հարցով Արտաքին գործերի նախարարություն էին դիմել 4 եզդիական կազմակերպություններ:

«Եզդիական կազմակերպություններն ինչ իրավունք ունեն դիմեն այդ հարցով: Նրանք լիազորվա՞ծ են Իրաքի եզդիական համայնքի կողմից մեզ դիմել», - հարց է բարձրացրել Մանասյանը:

Անդրադառնալով եզդի փախստականներին ԼՂՀ-ում ապաստան տալու պատրաստակամության մասին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հայտարարությանը՝ Մանասյանն ասել է, որ «դա անհեթեթություն է, նման բան չի կարող լինել»:

Epress.am-ի հետ զրույցում «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ֊ի նախագահ Բորիս Մուրազին ասել է, որ ԱԳՆ-ն պաշտոնապես մերժել է փախստականներին ընդունելու իրենց դիմումը:

Մանասյանը նույն կերպ հերքել է, թե Հայաստանը նպատակ ունի Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչներին Հայաստան տեղափոխել: Նա ասել է, որ Սիրայի հետ վիզային ռեժիմը շատ է պարզեցվել, Սիրիայի հայերը կարող են ազատորեն գալ Հայաստան, սակայն «մենք չէ, որ պետք է համայնքի ճակատագիրը որոշենք»:

«Առայսօր որևէ հակահայկական բան չի եղել, եղել է հակաքրիստոնեական՝ քրիստոնեական փոքրամասնությունների դեմ ուղղված», - ասել է Մանասյանը: