2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ինչից է ապշել Գևորգ Սաֆարյանի գործով անցնող ոստիկանը

Ոստիկան Լևոն Մզրոխյանը  ապշել է, երբ տեսել է, որ Գևորգ Սաֆարյանը հարվածում է Գեղամ Խաչատրյանին, քանի որ չի պատկերացրել, որ համազգեստով մարդուն կարող են հարվածել: Այս մասին այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարել է ինքը՝ Մզրոխյանը, ով Ամանորի գիշերը ոստիկան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող «Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ, ընդդիմադիր գործիչ Գևորգ Սաֆարյանի գործով անցնում է որպես վկա:

Մզրոխյանն այսօր դատարանում նշել է, որ տեսել է միայն, թե ինչպես է Գևորգ Սաֆարյանը հարվածում Գեղամ Խաչատրյանին, սակայն բուն հարվածից բացի, այլևս ոչինչ չի կարողացել հիշել: Վերջինս չի հիշել նաև, թե կոնկրետ ինչպես է հարվածը եղել, ինչ դիրքով են եղել միջադեպի մասնակիցները և ովքեր են եղել նրանց կողքին:

Վկա ոստիկանը նաև պնդել է, որ, չնայած քաղաքացիների հայհոյանքներին և իրենց ուղված հարվածներին, իրենք նույնկերպ չեն պատասխանել, ոստիկանները ոչ մեկին չեն հարվածել:

Նա պնդել է, որ հարվածի պահին գտնվել է Խաչատրյանի աջ կողմում, այնինչ նախաքննական ցուցմունքի մեջ ոստիկանության մեկ այլ աշխատակից Վարդան Ապրեսյանն նշել էր, որ աջ կողմում ինքն էր գտնվել:

Երբ Մզրոխյանը հայտարարել է, որ իրեն ապշեցրել է, թե քաղաքացին ձեռք է բարձրացրել ոստիկանության աշխատակցի վրա, դահլիճում սկսել են ծիծաղել: Դատավորը սանկցիա է կիրառել Սաֆարյանի աջակիցներից 2-ի նկատմամբ և հրահանգել է  կարգադրիչներին նրանց դատարանի դահլիճից դուրս հանել: Ներկաներին բարկացրել է դատավորի որոշումը, ինչի պատճառով դահլիճում աղմուկ է բարձրացել և դատավորը հայտարարել է ընդմիջում:

Ընդմիջումից հետո ոստիկանության աշխատակիցը պնդել է, որ ինքն է տարել Խաչատրյանին դեպի ծառայողական մեքենա, որից հետո ուղեկցել է նաև հիվանդանոց:

Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի հարցին, թե Խաչատրյանին հիվանդանոց ուղեկցելուց հետո արդյո՞ք ինքը վերադարձել է իր ծառայությանը, վկան պատասխանել է, որ չի հիշում :

Հարվածի պահը տեսնելուց բացի, վկան մյուս բոլոր հարցերին մեծամասամբ հենց այդ պատասխանն է տվել՝ չեմ հիշում:

Տիգրան Հայրապետյանը հայտարարել է, որ վկայի նախաքննական ցուցմունքների և դատարանում տված վկայությունների մեջ մի շարք հակասություններ կան, որի պատճառով միջնորդել է հրապարակել Լևոն Մզրոխյանի նախաքննական ցուցմունքը: Հայրապետյանը նշել է, որ Մզրոխյանի վկայությունը հակասում է ոչ միայն վերջինիս նախաքննական ցուցմունքին, այլ նաև մյուսների տված վկայություններին:

Դատարանը բավարարել է միջնորդությունը:

Այսօրվա դատական նիստի ժամանակ հարցաքննվել է նաև ոստիկանության մեկ այլ  աշխատակից, գործով որպես վկա անցող Վահագն Ղազարյանը, ով ևս դեպքերի հիմնական մասը չի կարողացել հիշել, սակայն հստակ ասել է, որ Գևորգ Սաֆարյանը բռունցքով հարված է հասցրել Խաչատրյանին:

Հիշեցնենք, որ ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը այս տարվա հունվարի 1-ին բերման էր ենթարկվել Ազատության հրապարակից։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը): Նա մեղադրվում է ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ: Մեղադրանքն առաջադրվել է միմիայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա։ Սաֆարյանն իր դեմ հարուցված գործը քաղաքական հետապնդում է համարում