2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Արմավիրում ճանապարհը փակած գյուղացիներին խոստացել են լուծել խաղողի մթերման խնդիրները

Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչներն այսօր Սարդարապատ գյուղի մոտակայքում փակել էին Արմավիր-Երևան տանող ավտոճանապարհը: Գյուղացիները պահանջում էին, որպեսզի խաղող մթերող գործարաններն իրենց վճարեն անցած տարի մթերված խաղողի գումարները, բացի դա, այս տարի խաղողը մթերեն նախապես պայմանավորված քանակությամբ, այլ ոչ թե դրանից քիչ:

Epress.am-ի հետ զրույցում Սարդարապատ գյուղի բնակիչներից Արման Սարգսյանը նշել է, որ անցած տարի ինքը 12 տոննա խաղող է հանձնել Մյասնիկյանի գինու գործարանի մթերման կետ, սակայն մինչ օրս միայն գումարի մի մասն է ստացել։ Գործարանը Սարգսյանին պարտք է դեռ կես միլիոն դրամ։

«Չգիտեմ երբ կտան, ամեն անգամ ինչ-որ ժամկետ են ասում, բայց տենց մի տարի է արդեն ձգվում է։ Մեր գյուղում շատերն են այդ գործարանին հանձնել ու մինչև այսօր գումարները չեն տալիս։ Այս անգամ էլ խոսք են տվել, որ մինչև այս ամսվա վերջ տալու են գումարները», - ասել է Սարգսյանը։

Այս տարի հիմնական խնդիրն այն է, որ գործարանները նախապես պայմանավորվածից քիչ քանակությամբ խաղող են մթերում։

«Ասենք, ինձ ասել էին, որ 6 տոննա հանձնեմ, իսկ հիմա ասում են՝ 4 տոննա։ Ես էն 2 տոննան բա ի՞նչ եմ անելու։ Տեղից ամբողջ գյուղը վարկերի տակ ա, մի մասի բերքը կարկուտը վնասելա, պետք ա ինչ֊որ ձևով էս ժողովրդին ընդառաջեն, որ կարանանք ապրենք»,- ասել է Սարգսյանը։

3 ժամ փողոցը փակ պահելուց հետո գյուղացիների հետ հանդիպել են մարզպետարանի աշխատակիցները և հավաստիացրել, որ սեպտեմբերի 12-ին Ամասիայի մթերման կետի մոտ ժողով կլինի, որին կմասնակցի նաև «Արարատ կոնյակի֊գինու֊օղու կոմբինատ» ընկերության սեփականատեր, Աժ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը և հարցերին լուծում կտրվի։ «Արարատ կոնյակի֊գինու֊օղու կոմբինատը» խաղողի խոշոր մթերողներից է։